Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» Երևանում չի ցուցադրվելու: Պաշտոնական պատճառաբանությունն է՝ հանրության լայն շրջանների կողմից բարձրացված բողոքի պատճառով: Հանրության լայն շրջանն էլ եկեղեցին է:
Ես չէի դատի` ասելով, թե մարդկանց մեծ մասին կինոթատրոն էր տանելու սեռական մղումը՝ դիտելու կինոնկարի բաց տեսարանները: Դրա համար նրանք բոլորն էլ ինտերնետ ունեն և կարող են դիտել ոչ մի հագուստով և կրոնական պատերով չփակվող միլիոնավոր տեսարաններ: Չէի ասի նաև, թե կինոթատրոնները լցնելու էր Լարս ֆոն Թրիերի հնչեղ և սկանդալային կերպարը: Փաստ է, որ կինոնկարի ցուցադրությունը կինոթատրոններին ապահովելու էր ֆինանսական մեծ շահույթ: Տարբեր առիթներով հայկական կայքերը գրել են՝ 2014-ի ամենասպասված կինոնկարը, «Նիմֆոմանուհու» բաց տեսարաններն իրարանցում են առաջացրել համացանցում: Այսինքն, գովազդը, ինչպես երբեք ապահովված է: Բայց հայ գործարարը հրաժարվել է շահույթից «հանրության լայն շրջանների կողմից բարձրացված բողոքի պատճառով»: Նշանակում է` ինչ-որ քաղքենի ձեռք պարզապես որոշել է գլուխը ցավի տակ չդնել, չհակառակվել «մտոք չշնանալու» պատվիրանին:
Կինոնկարի պրոդյուսերը հայտարարել է, որ այն երկումասանի է, և «ամեն ինչ պետք է արվի հաջորդ տարվա Կաննի փառատոնին հասցնելու համար»: Քաղքենուն, իհարկե, Օսկարն ավելին է ասում, քան Կաննը: Հետևաբար, նրան ոչինչ չի ասի նաև, որ հանճարեղ «Խավարում պարողը» 2000 թվականին արժանացել է Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակին: Դա կինոաշխարհի առաջին մրցանակն է, ինչպես մաթեմատիկոսի համար՝ Ֆիլդսը, ինչպես գրողի համար՝ Նոբելյան մրցանակը, ինչպես երաժշտի համար՝ Գրեմմին: Ուրեմն, Ֆոն Թրիերի արվեստի ծավալների ու հավակնությունների թեման փակեցինք: Ենթադրենք, որ կինոնկարի ցուցադրությունից սարսափողը ոչ թե եկեղեցին է, այլ «հանրության լայն շրջանները»: Ովքե՞ր են պաշտոնական և նույնիսկ հասարակական ոչ մի կարգավիճակ չունեցող այդ «շրջանները»: Կամ՝ ովքե՞ր կարող էին լինել:
Փորձենք պատասխանել բանաստեղծ Կարեն Անտաշյանի միջոցով: Նա գրել է «Ես էշ գզող եմ» բանաստեղծությունը (առաջին վերնագիրը՝ Ո՞վ ես դու): Ֆեյսբուքյան նրա էջում ամենաքննարկված բանաստեղծությունն է: Այն առանց տողատակերի պատմում է, թե ինչպես է էշի հանդեպ ջանքեր չպահանջող սերը տղամարդուն տղամարդ դարձնում մեր գյուղերում: Փոխարենը կնոջ հանդեպ ջանքեր պահանջող սերն ուղղակի ամոթ էր: Ընդ որում, ամաչելն արդեն ջանք է, ահա ինչու յուրաքանչյուր տղամարդ ինքնուրույն, մեն-մենակ է հասկանում, որ ամոթ է: «Ես նույնպես էշերից եմ սկսել, նրանցից ամենահմայիչից»,- ասում է բանաստեղծը: Ջանքեր պահանջող «համակրանքը» բանաստեղծի գյուղում տարածվում է նույնիսկ ձիերի վրա՝ դրանք բոյով էին ու ինքնահավան: Հասկանու՞մ եք` քաղքենին ցնցումներ չի սիրում, իսկ «Նիմֆոմանուհին» ցնցում է, քաղքենին չի հասցնում նոր հայացքի և մեկնաբանության հետևից: Քաղքենին չի սիրում ինքն իրենից վերև թռնել: Սակայն նա ամենից շատ չի սիրում առանձնանալ մյուսների ֆոնին: Քաղքենին մեն-մենակ կնայի ամբողջ կինոնկարը, և, հնարավոր է` մի քանի անգամ: Կնայի, որպեսզի ասի, որ «տեսել եմ, ֆիլմ էր, էլի»: Այ էս «ֆիլմ էր, էլի»-ն նրա բերանում հնչում է նույն հանդիսավորությամբ, ինչպես Կեսարի բերանում՝ «եկա, տեսա, հաղթեցի»-ն: Որովհետև երկու դեպքում էլ գլխավոր սպառնալիքը արդեն հետևում է: Ոչ ոք քաղքենու համար չի մեկնաբանի կինոնկարը, և ինքն էլ չի իմանա, թե հատկապես որտեղ կենտրոնացնի ուշադրությունը: Գլխավորը, որ ոչ ոք չտեսնի, թե ինչքան է ամաչում նա «ուրիշ կինոյից»:
Հայ կինոսիրողը, իհարկե, առանց այդ սկանդալային կինոժապավենի չի մնա, միևնույն է, ռուսական հեռուստաընկերությունները դա ցուցադրելու են: Կինոն արտահայտչամիջոց է: Կինոն խոցելի է, որովհետև ծույլ դիտողի համար երևակայությանը գրեթե տեղ չի թողնված, մարմինն այնտեղ մարմին է ամբողջ շարժման մեջ: Կինոն արտահայտչամիջոց է, ինչպես՝ գիրքը: Ինչպես՝ երգը: Ինչպես՝ աղոթքը: Բայց աղոթքն արտահայտչամիջոց չէ, եթե մարդը և Աստված ամբողջության նույն արեալի մեջ չեն: