Որոտանի հէկերի համալիրի վաճառքը երկու կարևոր հարց է առաջացնում։ Նախ՝ ինչու այն վաճառվեց, երբ դրա արդիականացման համար դեռ երեք տարի առաջ գերմանական KfW բանկը վարկային միջոցներ էր տրամադրել։ Երկրորդ, պարզ չէ, թե համալիրի վաճառքից ստացված 180 մլն դոլարն ինչպես է ծախսվելու: Այդ գումարը ներկայում փաստացի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» պետական ՓԲԸ-ի սեփականությունն է: Վերջինս իրավասու է այն ծախսելու ըստ հայեցողության: Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Որոտանի հէկերի համալիրի երեք՝ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի վաճառքը ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը հիմնավորել էր կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությամբ: Հէկերի արդիականացման համար միջոցներ կային դեռ 2010-ից, սակայն կառավարությունը դրանք չի ուղղել արդիականացմանը։
Հէկերի առքուվաճառքի պայմանագրի համաձայն՝ առաջիկա վեց տարում «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի հէկերի համալիրում պետք է ներդնի 70 մլն դոլար, գրեթե նույնքան, որքան 2010թ. հէկերի արդիականացման համար կառավարությունը ներգրավել էր գերմանական KfW բանկից որպես վարկ՝ 51 մլն եվրո։
Փետրվարի 5-ին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում հայտարարեց, որ Որոտանի հէկերի համալիրը տարեկան ընդամենը 1,5 մլն դոլար շահույթ ուներ, այդ գումարով հնարավոր չէր այնտեղ լայնածավալ ներդրումներ իրականացնել, համալիրը շահագործվում է արդեն 40 տարի, ինչը բավական մեծ ժամկետ է նման խոշոր հզորությունների համար, որտեղ նոր սարքավորումներ են անհրաժեշտ:
Չնայած նախարարի այս պնդմանը՝ Որոտանի հէկերի արդիականացման համար միջոցներ կային։ Դեռ 2010թ. հոկտեմբերին ֆինանսների այն ժամանակվա նախարար Տիգրան Դավթյանը KfW բանկի հետ ստորագրել էր 51 մլն եվրոյի վարկային ծրագրի պայմանագիր՝ Որոտանի հէկերի համակարգի վերակառուցման և վերազինման համար։ Միջոցները հատկացվել էին 15 տարի մարման ժամկետով, որից չորս տարին` արտոնյալ, տարեկան շուրջ 2% տոկոսադրույքով: Հիդրոհամալիրի արդիականացման աշխատանքները պետք է իրականացվեին 2011-ից։
Գերմանական բանկի վարկային միջոցներից որքա՞ն է ծախսվել և որքա՞ն է կազմում մնացորդը: Սիվիլնեթի այս հարցմանը ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ ըստ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» կողմից ներկայացված հաշվետվությունների՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ՝ փաստացի վճարվել է 698 հազ. եվրո՝ համապատասխան խորհրդատվության և նախագծման աշխատանքների նպատակով։
Փաստացի, անցած երեք տարիների ընթացքում Որոտանի հէկերի վերազինման ուղղությամբ որևէ շինաշխատանք չի կատարվել: Դրանք իրականացնելու դեպքում հնարավոր է՝ ընդհանրապես այն վաճառելու անհրաժեշտություն չառաջանար։ Վարկային պայմանագրով աշխատանքները ժամանակին իրականացնելու արդյունքում հէկերը արդեն արդիականացված կլինեին արդեն 2014թ.։
Ինչպե՞ս կծախսվի 180 միլիոնը
Հարցին, թե ինչպես են տնօրինվելու KfW բանկից ներգրավված վարկային միջոցները՝ հաշվի առնելով, որ հէկերը վաճառվել են, ֆինանսների նախարարությունում պատասխանել են, որ այդ միջոցները, ըստ ձեռք բերված համաձայնության, կարող են օգտագործվել միայն որոշակի ծրագրի շրջանակում: «Տվյալ պարագայում այդ ծրագիրը Որոտանի հէկերի համակարգի վերակառուցումը և վերազինումն է: Հետևաբար, քննարկվող միջոցները կարող են օգտագործվել միայն վերը նշված ուղղություններով, քանի դեռ ծրագրում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ: Ծրագրի շարունակականությունը և ձևաչափը քննարկվում են»,- նշված է նախարարության պատասխանում:
Ֆինանսների նախարարության գրությունում ընդգծվում է, որ Որոտանի հէկերի վաճառքի պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ վաճառողը՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը», պարտավորվել է վերացնել KfW-ի գրավի իրավունքը վաճառվող գույքի վրայից, իսկ KfW-ի գրավի իրավունքը վաճառվող գույքի վրայից կարող է վերացվել, եթե դադարեն KfW-ի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները:
Ստացվում է, որ KfW բանկից ներգրավված վարկային միջոցները վերադարձվելու են, այնինչ դրանք կարելի էր այս ընթացքում օգտագործել էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացման համար և ոչ թե սառեցնել։
ՍիվիլՆեթը ֆինանսների նախարարությանը հարցում էր ուղարկել նաև, թե ինչ նպատակներով է ծախսվելու հէկերի վաճառքից ստացվելիք 180 մլն դոլարը:
Նախարարության պատասխանում նշված է, որ որպես վաճառող կողմ հանդես է եկել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» պետական ՓԲԸ-ն, և ստացված գումարները, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 167-րդ հոդվածի [Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունք] և դրան թղթակցող 132-րդ հոդվածի [Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները], նրա սեփականությունն են: «Իսկ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր հայեցողությամբ է տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր սեփականությունը: Հետևաբար, քննարկվող հարցի կապակցությամբ առանց «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» պետական ընկերության նախնական մտադրության` ֆինանսների նախարարության հայտնած դիրքորոշումը կլինի ոչ իրավաչափ»,- նշված է նախարարության գրությունում։
Ստացվում է, որ թեև հէկերը փաստացի վաճառել է կառավարությունը, սակայն իրավաբանորեն վաճառքից ստացված միջոցները գործադիրին հասանելի չեն, և դրանց տնօրինումը որոշելու է ընկերության ղեկավարությունը։ Իհարկե, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիրը» պետական ընկերություն է, և վաճառքից ստացված գումարները հանդիսանում են շահույթ ու դիվեդենդների տեսքով կարող են փոխանցվել պետբյուջե, սակայն հարց է, թե պետբյուջե կփոխանցվի՞ ամբողջ 180 մլն դոլարը, թե՞ այդ գումարի մի մասը կծախսվի ընկերության սեփական կարիքների հիմնավորմամբ։