Դինքի գործով վերսկսված դատական նիստը հետաձգվել է

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում փետրվարի 12-ին նախատեսված «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության չորրորդ նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 18-ը: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal-ը:

Մինչ դատական նիստի մեկնարկը «Հրանտ Դինքի ընկերները» արդարության պահանջով հավաքվել էին Չաղլայանի արդարադատության պալատի առջև: Նրանց թվում էին «Ակօսի» հոդվածագիր Եդվարդ Դանզիկյանը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Փընար Այդընլարը, գրող, թարգմանիչ Այշե Բերքթայը և ուրիշներ:

«Ակօս» թերթի մեկ այլ հոդվածագիր` Կարին Քարաքաշլըն, «Հրանտ Դինքի ընկերների» անունից հայտարարել է, որ եթե Դինքի սպանությունը չբացահայտվի, պետությունը չի կարող օրինականություն ունենալ: Քարաքաշլըն հայտարարել է, որ Դինքի սպանությունը «թուրքական պետության մեջ ձևավորված ավանդույթի շարունակությունն է»: Ըստ նրա` այս դատավարությունը կարող է բացահայտել Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմության «բոլոր կեղտոտ խաղերը»: Նա հայտարարել է, որ եթե Դինքի գործով արդար հանգուցալուծում չլինի, իրենք «շարունակելու են պայքարը մինչև վերջ»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: Հինգ տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը սակայն չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը:

2013թ. սեպտեմբերի 17-ին վերսկսվեց Դինքի սպանության գործի քննությունը, սակայն, նրա ընտանիքը, չհավատալով դատարանի արդարությունը, չի մասնակցում դատավարությանը:

Մեկնաբանել