Քրեական գործ` ՀԱԿ ակտիվիստների մասնակցությամբ միջադեպի առթիվ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Փետրվարի 12-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:

Փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից բերման էին ենթարկվել մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա իրականացնող` Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում է եղել նաև լրագրող Անի Գևորգյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի սենյակ [որտեղ ինքը պահվել է] է մուտք գործել քաղաքացիական հագուստով մի տղամարդ` մի քանի կին ոստիկանների ուղեկցությամբ, հարվածել իր այտին, վերցրել ձեռքից հեռախոսը և, նետելով կին ոստիկաններին, հրամայել. «Առգրավեք սա»: Այդ ընթացքում Անի Գևորգյանը հեռախոսով զրուցելիս է եղել ՍիվիլՆեթի թղթակցի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից»:

Մեկնաբանել