CNN-ը «ներքին հետաքննություն» է սկսել ամենատգեղ հուշարձանների ցուցակի կապակցությամբ

CNN հեռուստաընկերությունը անցկացնում է ամենատգեղ հուշարձանների (որոնց թվում հայտնվել էր նաև Բելառուսում գտնվող Բրեստի ամրոցի պաշտպանների հուշարձանը) վերաբերյալ հրապարակման «ներքին հետաքննություն»։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Գերատեսչության կայքում պարզաբանվում է, որ CNN-ի ներկայացուցիչները նյութի համար անձնական ներողություն են խնդրել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդագրությունում նշված է, որ «Ռուսաստանի ԱԳՆ-ում ի գիտություն են ընդունել CNN հեռուստաալիքի պաշտոնական ներողությունները»։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները «ընդունում են», որ նյութի հրապարակման թույլտվություն տված անձինք դիտավորություն չեն ունեցել, իսկ հրապարակման հեղինակը լավ ծանոթ չէ պատմությանը։ «Սակայն պետք է քեզ հաշիվ տաս, որ նմանատիպ անպատասխանատու գործողությունները լուրջ վնաս են հասցրել CNN-ի հեղինակությանը, հանգեցրել են այս այս հեռուստաալիքի վարկանիշի հետագա անկմանը Ռուսաստանում»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Աշխարհի ամենատգեղ հուշարձանների մասին նյութը CNN-ի կայքում հրապարակվել էր այս տարվա փետրվարի սկզբին։ Ցուցակում «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի «Քաջություն» հուշարձանի ընդգրկումը սկանդալ էր առաջացրել ինչպես Բելառուսում, այնպես էլ Ռուսաստանում։ CNN հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել և հեռացրել էր նյութը։ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Մորոզովն առաջարկել էր ժամանակավոր արգելել CNN-ի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում, սակայն «Ռոսկոմնադզորն» այս կոչն անվանել էր «ժամանակավրեպ և իրավաբանորեն ոչ կոռեկտ»։

Մեկնաբանել