Ադրբեջանը զոհեր է տալիս Սիրիայի պատերազմում

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ միջազգային, ջիհադիստական և ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդագրություններ են տարածում Սիրիայում զինված տարբեր խմբավորումների կազմում նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ մարտնչող ադրբեջանցիների սպանությունների մասին: Միայն վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է հինգ ադրբեջանցի` հիմնականում Սումգայիթ քաղաքից: Ադրբեջանական աղբյուրները նախապես հաղորդում էին, որ Սիրիա են մեկնել «մի խումբ» ադրբեջանցիներ: Այսօր արդեն այդ նույն աղբյուրները հաստատում են, որ Սիրիայում կառավարական ուժերի կողմից սպանված ադրբեջանցիների թիվն անցնում է 100-ից: Սա արդեն նշանակում է, որ խոսքը միայն «մի խումբ» ադրբեջանցիների մասին չէ: Ամենայն հավանականությամբ, Սիրիայում պատերազմում են առնվազն մի քանի հարյուր ադրբեջանցիներ:

Ադրբեջանցիները մաս են կազմում ծայրահեղական և ահաբեկչական տարբեր խմբավորումների, այդ թվում` «Ալ Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ալ Նուսրա ճակատի» և «Իրաքի և Շամի իսլամական պետության» հետ: Ահաբեկչական այս երկու խմբավորումները կռվում են ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլև սիրիական ապստամբ ուժերի դեմ: Արդեն երեք տարի է, ինչ շարունակվում է սիրիական ճգնաժամը, որը վերածվել է ներքաղաքական արյունալի պատերազմի: Այս ընթացքում դեռևս չի հաղորդվել սիրիական կառավարական ուժերի կազմում սպանված ադրբեջանցիների մասին: Ամենայն հավանականությամբ, Սիրիա մեկնող ադրբեջանցիները բացառապես կռվում են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների կազմում` ընդդեմ Ասադի կառավարական ուժերի:

Ադրբեջանը մուսուլմանական պետություն է, որտեղ բնակչության ավելի քան 60 տոկոսը շիա է, մյուսները`սուննի: Շիաները գերազանցապես բնակվում են Իրանին սահմանակից Ադրբեջանի հարավային, արևելյան և կենտրոնական շրջաններում: Սուննիները բնակվում են հիմնականում Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությանը սահմանակից տարածքներում: Ենթադրվում է, որ Սիրիա ջիհադի մեկնող ադրբեջանցիները հիմնականում սուննիներ են: Քանի որ Ադրբեջանի շիաբնակ շրջաններում զգալի է Իրանի ազդեցությունը, ապա քիչ հավանական է, որ ադրբեջանցի շիաները կռվեն Իրանի դաշնակից ալավիների` Սիրիայում իշխող Ասադի վարչակարգի դեմ:

Ադրբեջանը, անվտանգության նկատառումներից ելնելով, իր դեսպանատունը Դամասկոսում ժամանակավորապես փակել, իսկ դիվանագետներին Սիրիայից դուրս է բերել դեռ 2012-ի ամռանը: Պաշտոնական Բաքուն միջազգային հարթակում հանդես է գալիս ընդդեմ Սիրիայի կառավարության և նախագահ Ասադի: Ադրբեջանը 2011-ի հոկտեմբերից երկու տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Երբ Արաբական պետությունների լիգան երկու անգամ բանաձև բերեց ՄԱԿ-ի օրակարգ, որոնք խիստ պատժամիջոցներ էին սահմանում Ասադի դեմ, Ադրբեջանը երկու դեպքում էլ աջակցեց լիգայի նախաձեռնությանը:

Սակայն ասել, թե Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, Կատարը կամ Սաուդյան Արաբիան, աջակցում են նախագահ Ասադի դեմ կռվող ապստամբ, ծայրահեղական կամ ահաբեկչական խմբավորումներին, հիմնավորված չէ: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների` Բաքվի իշխանությունները չեն խրախուսում կամ օժանդակում այն ադրբեջանցիներին, որոնք Սիրիա պատերազմի են մեկնում: Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան «Բաքու փոստ» ռուսալեզու թերթի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել: Ասլանովան ասել է, որ Սիրիա մեկնող երիտասարդ ադրբեջանցիների հոսքը կանգնեցնելու համար իշխանություններից բացի կարևոր դեր ունեն լրատվամիջոցներն ու այդ նույն երիտասարդների ծնողները:

«Ծնողները, իմանալով իրենց որդիների նպատակների մասին, պետք է համապատասխան կառույցներին տեղեկություններ փոխանցեն: Սակայն նրանք նախընտրում են այդ ամենը գաղտնի պահել, իսկ ահազանգ հնչեցնում են միայն այն բանից հետո, երբ իրենց որդիները արդեն մեկնում են Սիրիա: Լրատվամիջոցները պետք է լայնորեն լուսաբանեն, թե ինչ ճակատագիր է սպասում նրանց, ովքեր մարտնչելու են մեկնում Սիրիա և այլ երկրներ»,- ասել է Ասլանովան:

Բաքվի իշխանությունները մտահոգված են ոչ միայն նրանով, որ իրենց երիտասարդ քաղաքացիները սպանվում են մի պատերազմում և մի երկրում, որտեղ Ադրբեջանը կենսական շահեր չունի, այլ առաջին հերթին նրանով, որ ադրբեջանական հասարակությունն ավելի ու ավելի է հակվում դեպի իսլամը: Ադրբեջանցի որոշ փորձագետներ և քաղաքագետներ կարծում են, որ առաջիկայում Իլհամ Ալիևի վարչակարգի համար ավելի լուրջ մարտահրավեր է լինելու ոչ թե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այլ հենց իսլամը: Եվ որքան Ադրբեջանը դառնա տոտալիտար պետություն` սահմանափակելով քաղաքական և քաղաքացիական ազատությունները, այնքան մեծանալու է իսլամի դերը երկրի ներքաղաքական կյանքում:

Տարիներ առաջ Ադրբեջանի իշխանությունների դեմ ընդվզեց Բաքվից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան գյուղը: Շուրջ 7 հազ. բնակիչ ունեցող շիաների այս գյուղը, որտեղ ակնհայտ է Իրանի ազդեցությունը, սոցիալական արդարության պահանջներ էր ներկայացնում: Բաքվի իշխանությունները, զգալով, որ սոցիալական պահանջների տակ թաքնված են նաև քաղաքական և կրոնական ազատությունների պահանջներ, փորձեց ուժային ճանապարհով լուծել խնդիրը: Գյուղ ուղարկված ոստիկանական զինված ուժերի դեմ ժողովուրդը տեղի չտվեց: Բախումների ընթացքում եղան սպանվածներ, վիրավորներ ու ձերբակալվածներ: Այժմ Նարդարանը կիսանկախ կամ ինքնամփոփ վիճակում ապրող գյուղ է:

Ադրբեջանական իշխանություններին մտահոգում է հատկապես երկրի սուննիների շրջանում ավելացող օտարերկրյա կրոնական խմբավորումների և երկրների, առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի դերակատարությունը: Չնայած իշխանությունների կոշտ քայլերին` վահաբականությունը տարածում է գտնում Ադրբեջանում: 2011-ի դեկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց օրենսդրական ուղղումներ, որոնցով արգելվեց կրոնական ուղղվածության նյութերի ներկրումը, տպագրումը և տարածումը, եթե դրա համար չկա Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի համապատասխան թույլտվությունը:

Մեկնաբանել