Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանում վիճարկել է միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսող նորմերի սահմանադրականությունը:
«Խնդիրն այն է, որ սահմանված ժամկետներում հարկերը չվճարելու դեպքում հարկային մարմինը գործարարներին ենթարկում է կրկնակի՝ և՛ վարչական, և՛ հարկային պատասխանատվության: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ հստակ արգելվում է անձին նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկելը:
Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով օմբուդսմենի մտահոգությունները, հայտնել է դիրքորոշում` նշելով, որ ԱԺ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի բացառելու համար գործարարներին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունում:
Կարեն Անդրեասյանը 2012թ. սեպտեմբերի 19-ին դիմել էր Սահմանադրական դատարան` վիճարկելու հարկատուների գույքի վրա արգելանք դնելու` Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) լիազորության սահմանադրականությունը: «Եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա դրվում է կալանք ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։ Պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»,- ասված էր ՄԻՊ-ի 2012թ. հայտարարությունում: