Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել 2014 թ. արտահերթ ընտրություններ ացկացնել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության ներկայացուցիչների հետ բանակցություններում Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել արտահերթ ընտրություններ անցկացնել։

Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որոնք Կիևում հանդիպել են Յանուկովիչի հետ, հնարավոր ամեն ինչ անում են Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները Կիևում հանդիպումներ են անցկացնում իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ցուցարարների և իրավապահների միջև բախումները Կիևում վերսկսվել են փետրվարի 20-ի առավոտյան։

Զոհերի թվի մասին տարբեր տեղեկություններ են հայտնվում։ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 20-ի առավոտվան բախումներում զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երկու իրավապահ։ Լրատվամիջոցները հաղորդում են 13-ից մինչև 21 զոհի մասին։ Մայդանի բժշկական ծառայության համակարգող Օլեգ Մուսիյը «Ուկրաինսկայա պրավդա» թերթին հայտնել է, որ փետրվարի 20-ին Կիևում 70-100 մարդ է զոհվել: CNN-ը հաղորդում է 100 զոհի և 500 վիրավորի մասին:

Կիևում ցուցարարների և իրավապահների միջև արյունալի բախումները սկսվել են փետրվարի 18-ին։ Դրանց հետևանքով, համաձայն Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է 28 մարդ (այդ թվում՝ տասը իրավապահ, մեկ լրագրող)։

Ուկրաինայում 2013թ․ նոյեմբերի 21-ին այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը, սկսվեցին եվրաինտեգրման աջակիցների զանգվածային ցույցեր։ Կիևում դրանք նախկինում արդեն մի քանի անգամ վերաճել էին ոստիկանների հետ սուր բախումների, որոնց հետևանքով վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ, զոհվել՝ մի քանիսը, այդ թվում՝ Ուկրաինայի հայազգի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։

Մեկնաբանել