Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:
ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ Աշոտ Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն: