Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ աշխարհում ակտիվացավ ապագաղութացման գործընթացը, տարբեր գաղութատեր երկրներում (իմա՝ կայսրություններում) հարց առաջացավ՝ ինչպես պահել գաղութները և արդյոք արժե պահել: Շատ հաճախ գաղութների զինված պայքարի շնորհիվ մետրոպոլիաներում հաղթանակեց այն տեսակետը, որ հարկավոր է անկախություն շնորհել նախկին տիրույթներին:
Հոռետեսությունը, թե ազատվելով գաղութներից՝ կկորցնեն հումքի աղբյուրները և սպառման շուկաները, չիրականացան: Ընդհակառակը, գաղութներից ազատվելով՝ նախկին մետրոպոլիաներն աննախադեպ զարգացում ապրեցին: Նախկին գաղութների վրա իմպերատիվ ազդեցությունը փոխարինվեց մշակութային ազդեցությամբ, կայսրություններն էլ սկսեցին անվանվել, ասենք, Բրիտանական համագործակցություն (British Commonwealth) կամ ֆրանսախոս երկրների միություն (La Francophonie): Այս ձևաչափը թույլ էր տալիս հրաժարվել նախկին գաղութների նկատմամբ շատ պարտավորություններից, ապակենտրոնացնել կառավարումը, իրավահավասար տնտեսական, քաղաքական և այլ հարաբերություններ հաստատել նրանց հետ՝ միաժամանակ պահպանելով սեփական ազդեցության ծիրում:
ԽՍՀՄ փլուզումից հետո ֆորմալ առումով նման փորձ հետխորհրդային տարածքում կատարվեց: Ռուսական կայսրության փոխարեն առաջարկվում էր Անկախ պետությունների համագործակցություն՝ բրիտանական և ֆրանսիական տարբերակների նմանությամբ: Սակայն նավթի գների աճը և փողի ավելցուկը Կրեմլում նստողներին հնարավորություն տվեց լսելու դուգինատիպ հետադիմական տեսաբաններին և նախաձեռնել կայսրության վերականգնում՝ իմպերատիվ ազդեցության ձևաչափով: Սա հսկայական նախաձեռնություն է, որ պահանջում է կառավարման մեծ ճկունություն և հսկայական փողեր:
Հաշվի առնելով, որ հետխորհրդային երկրների հասարակություններն ակտիվ դիմադրություն են ցույց տալիս կայսրության վերականգնմանը, վստահ պետք է ասել, որ հաշվարկված ջանքերն ու գումարներն առնվազն պետք է մի քանի անգամ բազմապատկել: Ռուսաստանի տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ Մոսկվան նման ռեսուրսներ չունի:
Այնինչ բրիտանական կամ ֆրանսիական տարբերակներն ավելի արդյունավետ, քիչ ծախսատար և իրականանալի են: Հետխորհրդային տարածքում ձևավորվել է ռուսական մշակույթի անվերապահ մեծ ազդեցություն: Չայկովսկու և Տոլստոյի ստեղծագործություններից մինչև Կոմեդի քլաբի նման զանգվածային մշակութային դրսևորումներ մարսվում են հետխորհրդային հասարակություններում, բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենին, կան ընդգծված ռուսամետ քաղաքական էլիտաներ: Այս ամենը հաջողության գրավական է՝ ԱՊՀ տիպի կառույցն ուժեղացնելու համար:
Սակայն, ինչպես պարզվում է, Ռուսաստանում տեղ են տալիս ֆաշիստական գաղափարախոսության կրող քվազի-գիտնականներին, և փորձում կյանքի կոչել նրանց հնացած գաղափարները: Հետխորհրդային երկրների ինքնիշխանության հետ խաղալը թանկ է նստելու Ռուսաստանի վրա: Ինքնիշխանությունն ազգի սրբությունն է, սրբությանը կպչողը միշտ պետք է սպասի հարվածի: Հարվածները տարբեր կերպ կարող են լինել: Սակայն դրանց ամենամեծ ուժը վարակիչ լինելն է: Վարակը կարող է վերաբերել ոչ միայն հետխորհրդային երկրներին, այլև հենց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին:
Եվրասիական միությունը չստեղծած՝ Կրեմլում ստիպված կլինեն մտածել Ռուսաստանի ամբողջականության պահպանման մասին: Հենց սա՛ է լինելու դուգին-պուտինյան արկածախնդրության արժեքը ռուս ժողովրդի համար: