Հարավային Դակոտան մերժել է հակահայկական բանաձևը

ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 25-ին մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական HCR 1020 բանաձևը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA-WR), երկարատև քննարկումներից հետո բանաձևի հեղինակներից մեկը` կոնգրեսական Լենս Ռասելը, հետաձգել է քվեարկությունը, այնուհետ պաշտոնապես հանել այն քննարկումից:

«Ցավալի է, որ այս բանաձևը հայտնվեց մեր պալատում, սակայն դրական կողմն այն է, որ Հարավային Դակոտայում կա 105 օրենսդիր, որոնք իրական պատկերացում կազմեցին քրիստոնյա հայերի աղետալի վիճակի մասին»,- հայտարարել է նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Հիքեյը:

«Մենք խորապես երախտապարտ ենք, որ ԱՄՆ ևս մեկ նահանգի ընտրված առաջնորդները ընդդիմացան նավթով հարուստ և կոռումպացված Ադրբեջանի նախագահի` Ամերիկայի սրտում իր հայատյաց արշավը տարածելու ջանքերին», – ասել է ANCA-WR-ի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

HCR 1020 բանաձևը վերաբերում էր Խոջալուի դեպքերին և Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել փետրվարի 21-ին: