Իրանում կստեղծվի «միջուկային» հիվանդանոց

Իրանը իրանական օրացույցով հաջորդ տարի (սկսվում է մարտի 21-ին) կսկսի ռադիոդեղորայքի կարիք ունեցող հիվանդների համար հատուկ հիվանդանոցի կառուցումը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին, հաղորդում է իրանական Fars-ը:

Նրա խոսքով՝ ռադիոդեղորայքի որոշ տեսակների արդյունավետության ժամկետը կարճ է, հետևապես` դրանք պետք է օգտագործել արտադրվելուց անմիջապես հետո:

«Իրանը ոչ միայն միջուկային բուժկենտրոն կկառուցի, այլև կարտադրի ռադիոեղորայք»,-ասել է Քամալվանդին:

Բուժկենտրոնը կվերահսկվի կազմակերպության կողմից, սակայն նախագծի իրականացմանը կմասնակցի նաև մասնավոր սեկտորը:

Իրանցի փորձագետները ստեղծել են ռադիոդեղորայքի 15 տեսակ, որոնք նպաստում են դժվար բուժելի հիվանդությունների ախոտորոշմանը և բուժմանը: