Միաժամանակ երկու տարբեր ցույց՝ Ղրիմում

Սիմֆերոպոլում՝ Ղրիմի Գերագույն ռադայի շենքի մոտ, միաժամանակ տեղի է ունենում երկու ցույց՝ մեկում ուկրաինամետ Ղրիմի թաթարների Մեջլիսի կողմնակիցներն են, մյուսում՝ ռուսամետ ակտիվիստները։

Ուկրաինական «Ունիան» գործակալությունը հաղորդում է, որ ներկայում Ռադայի շենքի մոտ կա 7-10 հազ․ մարդ, իսկ շենքի ներսում կան մեծ թվով ոստիկաններ։

Առայժմ խոշոր բախումների մասին չի հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու կողմերի ցուցարարների միջև բախումներ են սկսվել։

Փետրվարի 26-ին Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն պետությունում հասարակական-քաղաքական իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություն էին տարածել, որում Ռուսաստանին մեղադրել էին Ղրիմի քաղաքական կյանքին միջամտելու մեջ։

Ղրիմի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը փետրվարի 26-ին՝ ավելի վաղ, ոչ հավաստի է անվանել որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, որ ինքնավարության խորհրդարանի արտահերթ լիագումար նիստին ծրագրվում է ընդունել արմատական որոշումներ, ընդհուպ մինչև Ղրիմի՝ Ուկրաինայի կազմից անջատում։