Հայաստանի և «Գազպրոմի» ղեկավարները քննարկել են գազի գնագոյացումը

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն անդրադարձել են նաև գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:

«Արձանագրելով, որ 2002-ից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

«ՀայՌուսգազարդի» 20%-ի օտարման մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ 2013թ. դեկտեմբերի 2-ին: Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը Ազգային ժողովում կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով, որը դեկտեմբերի 26-ի իր արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը: ԱԺ չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգությունը», հայտարարեցին, որ այս հարցով կդիմեն Սահմանադրական դատարան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 24-ին, այդուհանդերձ, ստորագրեց քվեարկության դրված համաձայնագրերը:

Ազգային ժողովը փետրվարի 26-ին կողմ քվեարկեց գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` կոալիցիոն ուժերի առաջարկին:

Մեկնաբանել