Անսպասելի տագնապի ազդանշան՝ ռուսական զորքերում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իրականացնել Կենտրոնական և Արևմտյան ռազմական շրջանների մարտական պատրաստվածության անսպասելի համալիր ստուգում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրության համաձայն՝ այսօր [փետրվարի 26]՝ ժամը 14։00-ին, անսպասելիորեն տագնապի ազդանշան են ստացել Արևմտյան ռազմական շրջանի զորքերը, ինչպես նաև միավորումներն ու զորամասերը, որոնք տեղակայված են նրա տարածքում, Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ բանակը, Օդատիեզերական պաշտպանության, Օդադեսանտային զորքերի հրամանատարությունները»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Կենտրոնական ռազմական շրջանն իր մեջ ներառում է Պովոլժյեի, Սիբիրի և Ուրալի շրջանները։ Արևմտյան ռազմական շրջանը սահմանակից է Ուկրաինային։

Անցյալ տարվա հուլիսին համանման ստուգում էր իրականացվել Արևելյան ռազմական շրջանում։ Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի հրամանով զորավարժություններ էին իրականացրել միջուկային զսպման, տիեզերական պաշտպանության ուժերը, նավատորմը և հեռավոր ավիացիան։

Ռուսաստանում մարտական պատրաստվածության կանոնավոր անսպասելի ստուգումները սկսել են իրականացվել անցյալ տարվանից, երբ առաջին զորավարժությունները բանակի գործունեությունում թերություններ էին ի հայտ բերել։