Ուկրաինան Յանուկովիչին փնտրում է Ինտերպոլով

Ուկրաինայի՝ Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, փետրվարի 26-ին Կիևում տված մամուլի ասուլիսին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։

«Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- ասել է նա՝ հավելելով, որ միջազգային հետախուզում է հայտարարվել նաև Զախարչենկոյի նկատմամբ։

Միաժամանակ Մախնիցկին նշել է, որ այժմ իրականացվում են քննչական գործողություններ, որոնցից հետո կընդունվի որոշում՝ մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

«Իրականացվում են քննչական գործողություններ՝ այլ անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»,- ասել է նա։

Միաժամանակ BBC-ի ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ Ինտերպոլի պաշտոնական կայքում՝ համապատասխան բաժնում, Յանուկովիչի ազգանունն առայժմ չկա։

Փետրվարի 25-ին Մախինցկին հայտարարել էր, որ Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սպանություն հոդվածով։

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովն էր Facebook-ի իր էջում գրել, որ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարել է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։