Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, չնայած ներքին և արտաքին քննադատությանը, հավանություն տվեց օրենքին, որով կառավարությանը ավելի մեծ լիազորություններ են տրվում Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի (HSYK) նկատմամբ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
HSYK-ի վերաբերյալ հակասական օրենքը երկրի արդարադատության նախարարին օժտում է ավելի մեծ լիազորություններով հետաքննությունների և դատավորների ու դատախազների նշանակման գործում:
Գյուլի քննադատությամբ հանդես է եկել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր և մշակույթի ու զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, որը դատապարտել է նախագահին օրենքը ստորագրելու համար և այն համարել մտահոգիչ «իշխանությունների տարանջատման և դատական իշխանության անկախության տեսանկյունից»:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը նույնպես քննադատել է Գյուլին նման օրենք ստորագրելու համար՝ կարծիք հայտնելով, որ այն վերջ է դնում իշխանությունների տարանջատմանը, որը պաշտպանված է Սահմանադրությամբ: Օքթայի խոսքով՝ Գյուլը հակասում է ինքն իրեն, քանի որ նախկինում հայտարարել էր, որ օրինագիծը հակասահմանադրական է:
Հակասական օրենքի ստորագրման առթիվ քննադատական արձագանքներ են հնչել նաև Եվրոպայից. Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ լավ հայտնի է HSYK-ի և ինտերնետի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ օրենքների հարցում Եվրահանձնաժողովի մտահոգությունը:
«Մտադիր ենք ուսումնասիրել այս օրենքների վերջին տարբերակները՝ բոլոր փոփոխություններով, որից հետո մեր նկատառումները կկիսենք Թուրքիայի իշխանությունների հետ: Մեր գնահատականը կարտացոլվի նաև առաջիկա Առաջընթացի զեկույցում»,- Today’s Zaman-ին ասել է Ստանոն:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր հիասթափությունն է հայտնել այն առթիվ, որ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է մի օրենք, որը կառավարությանն օժտում է Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը (HSYK) խստորեն վերահսկելու լիազորությամբ:
«Հիասթափված եմ նոր սահմանափակող օրենքով, որը վտանգում է դատական իշխանության անկախությունն ու Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամկցության վերաբերյալ հարցեր առաջացնում»,- փետրվարի 26-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շուլցը:
Հունվարի 21-ին Բրյուսելում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցի շրջանակում կայացած՝ վարչապետի և Մարտին Շուլցի հանդիպմանը վերջինս տեղեկացրել էր, որ Եվրամիությունը ուշադիր հետևելու է HSYK-ի մասին օրենքի շուրջ զարգացումներին: