ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կաջակցեն Վրաստանին Եվրամիության հետ անայցագիր ռեժիմի սահմանման հարցում: Այս մասին նա ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը, որը փետրվարի 22-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ում է:
«Այսօր ես հայտարարում եմ ԱՄՆ կողմից լրացուցիչ աջակցության մասին՝ ուղղված Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, մասնավորապես՝ Վրաստանի՝ ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի սահմանմանը»,- ասել է Քերին:
Նա նաև նշել է, որ մտադիր է գարնանը Վրաստան այցելել: Քերին նաև համոզմունք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները երկիրը ճիշտ ուղղությամբ կտանեն:
«Ձեր կառավարությունն իր հայացքն ուղղել է դեպի ապագա: Վստահ եմ, որ այն երկիրը ճիշտ ուղղությամբ կտանի», -ասել է Քերին:
Ղարիբաշվիլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի հետ Վրաստանի ռազմավարական գործակցության խորացումը արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է:
Ղարիբաշվիլին արդեն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: