«Դ!եմ եմ»-ը ահազանգում է իր անդամների նկատմամբ ահաբեկման փորձերի մասին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է իր անդամների նկատմամբ «անհայտ անձանց կողմից ահաբեկման փորձերի մասին»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. ««Դ!եմ եմ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:

Հայտարարում ենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!եմ եմ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:

Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!եմ եմ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե ՀՀ իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Այս ամենին մենք պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու ենք դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին»:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները պայքարում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու համար:

Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակային ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ փետրվարի 10-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, փետրվարի 12-ին` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, փետրվարի 13-ին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ փետրվարի 19-ին` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները: