Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտի կբացվի

Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում որոշել է ստեղծել նոր ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70):

Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողներին տրվում են հարկային որոշակի արտոնություններ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նոր ազատ տնտեսական գոտու բացման նպատակն է խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կայուն տնտեսական զարգացումը:

Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի (ենթաբազմության) ստեղծումը Հայաստանում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը:

«Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն,- հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: -Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»:

Ազատ տնտեսական գոտին փաստացի ստեղծում է Հայ ոսկերիչների միության (AJA) և Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գևորգյանը: Վերջինս ԱՏԳ-ի ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր 2013թ. գարնանը:

Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին բացվել է 2013թ. հուլիսի 27-ին «ՌԱՕ Մարս» և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» («ԵրՄՄԳՀԻ») ՓԲԸ-ների տարածքում: Այս տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: