Գլխավոր դատախազը` «Արարատցեմենտի» ջուրը փակելու մասին

«Բնապահպանության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալներն ավելի են, քան օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակն է»,- փետրվարի 27-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Արարատի և Արմավիրի մարզերում ջրօգտագործման չարաշահումների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել:

Նրա խոսքով` քրեական գործերի շրջանակում երկու մարզերում զուգահեռաբար քննչական գործողություններ են իրականացվում, մասնավորապես` բոլոր այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը հիմնվում է ջրօգտագործման մեծ ծավալների վրա:

Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Արարատի մարզի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Արարարատցեմենտի» ջրային պոմպակայանի կապարակնքումն է բնապահպանական տեսուչների կողմից: «Արարարատցեմենտի» սեփականատերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: ԲՀԿ-ում պնդում են, որ տեսչական ստուգումները և գործարանի ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է փետրվարի 15-ին կուսակցության համագումարում Ծառուկյանի ելույթով, որում նա քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը, հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը:

Լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազն ասաց, թե ուսումնասիրություններն իրականացվում են ինչպես «Արարատցեմենտ» գործարանում, այնպես էլ շուրջ 120 կազմակերպություններում: «Այդ քրեական գործերի շրջանակում քննարկման առարկա է դառնում երեք կարևոր ուղղություն. առաջին` ապօրինի խորքային հորերի առկայություն, երկրորդ՝ առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործման փաստեր, երրորդ՝ ժամկետանց ջրօգտագործման պայմանագրի առկայության պայմաններում ջրօգտագործման փաստ»,- նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ «Արարատցեմենտի» պոմպակայանի ջրազրկման հետ կապված որևէ քրեական գործ հարուցված չէ:

Արարատցեմենտի ջրամատակարարման դադարեցման խնդրին փետրվարի 27-ի կառավարության նիստում վարչապետի խնդրանքով արձագանքել էր նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա ասել էր, թե բարձրացված աղմուկի հիմքում քաղաքական շարժառիթներ չկան:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը փետրվարի 22-ին ռեպորտաժ էր պատրաստել, որում նշվում է, որ գործարանի ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է գործարան հոսող ջրի ճանապարհի փակմամբ, ինչի հետևանքով ջուրը մեկ այլ ճանապարհով հայտնվում է Ադրբեջանում։

Ա.Չ.

Մեկնաբանել