Յանուկովիչը Ռուսաստանի իշխանություններին խնդրում է ապահովել իր անվտանգությունը

Ուկրաինայի՝ պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված ուկրաինացի քաղաքացիների զանգվածային սպանությունների կասկածանքով, Ռուսաստանի իշխանություններին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը։

«Իմ և իմ զինակիցների հասցեին հնչում են դատաստան տեսնելու սպառնալիքներ։ Ստիպված եմ ՌԴ իշխանություններին խնդրել ապահովել իմ անձնական անվտագությունը ծայրահեղականների գործողություններից»,- ասված է Յանուկովիչի՝ Ուկրաինայի ժողովրդին ուղղծավ ուղերձում, որը փոխանցվել է ռուսական գործակալություններին։

Նա հայտարարել է, որ իրեն նախկինի պես համարում է Ուկրաինայի՝ օրինական ընտրված նախագահ, և կոչ է արել երկրում իրադրությունը վերադարձնել իրավական դաշտ։ Յանուկովիչի խոսքով՝ Գերագույն ռադան ու նրա ընդունած բոլոր վերջին որոշումները օրինական չեն։ Պաշտոնանկ արված նախագահը նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքն ու Ղրիմը չեն ընդունում «անիշխանությունն ու փաստացի ամենաթողությունը երկրում»։ Նա նաև հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու է Ուկրաինան քաղաքական խոր ճգնաժամից դուրս բերելու «փոխզիջումային» տարբերակի համար։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Ռուսաստանի իշխանական կառույցներում ունեցած աղբյուրի տեղեկություններով՝ Յանուկովիչի խնդրանքն արդեն բավարարվել է։ «Պայմանավորված նրանով, որ նախագահ Յանուկովիչը դիմել է ՌԴ իշխանություններին՝ իր անձնական անվտանգությունը ապահովելու խնդրանքով, հայտնում եմ, որ այդ խնդրանքը բավարարվել է ՌԴ տարածքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Յանուկովիչի գտնվելու վայրն առայժմ անհայտ է մնում։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա հնարավոր է՝ Մոսկվայում է։ Մասնավորապես՝ RBK գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, թե Յանուկովիչին տեսել են Մոսկվայի Radisson Royal հյուրանոցում (նախկին «Ուկրաինա»), ապա Բարվիխայում, որտեղ գտնվում է Ռուսաստանի նախագահի գործերի վարչության առողջարանը։

Հյուրանոցի ղեկավարությունը հերքել էր RBK-ի տարածած տեղեկատվությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ տեղեկություն չունի, թե Յանուկովիչը որտեղ է գտնվում։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել