Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բանակցողները՝ Անկարայում և Աթենքում

Փետրվարի 27-ին մեկնարկել են Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բանակցությունները: Կիպրոսի յուրաքանչյուր՝ հունական և թուրքական հատվածից բանակցողները փոխադարձ այցելություններով ժամանել են երաշխավոր պետություններ Թուրքիա և Հունաստան, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Կիպրոսի հունական հատվածից բանակցող Անդրեաս Մավրոյիաննիսը և թուրքական հատվածից՝ Քուդրեթ Օզերսայը համապատասխանաբար այցեր կկատարեն Անկարա և Աթենք:

Կիպրոսի հունական հատվածը հույս ունի բավական սպեցիֆիկ հարցեր առաջ քաշել բանակցություններում, մինչդեռ, ինչպեսHürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է թուրք մի պաշտոնյա, փոխադարձ հանդիպումները բանակցողների հետ հիմնականում միտված են հոգեբանական պատնեշների վերացմանը:

1959-ից ի վեր առաջին անգամ կայանալիք՝ բանակցողների այցերն Անկարա և Աթենք, տեղի կունենան կիպրական հարցի համապարփակ կարգավորման շրջանակում:

Փոխադարձ այցելությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Հունաստանը 2013թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Եվանգելոս Վենիզելոսը հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Թուրքիան ընդունել էր առաջարկը՝ կարծելով, որ այն կարող է խթանել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված հարցի կարգավորմանը:

Կիպրոսը 1974-ից՝ Թուրքիայի ռազմական ներխուժումից ի վեր փաստացիորեն բաժանված է: Ներկայում կղզու ավելի քան մեկ երրորդի վրա հռչակված է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները դադարեցվել են 2012թ. գարնանը: Կիպրոսի Հանրապետությունը 2004թ. մայիսի 1-ից Եվրամիության անդամ է:

Մեկնաբանել