Ինչպես շարունակել կեղծ օղիների իրացումը. Ալեքսանյանը գիտի

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանրությանը հայտնի է ոչ միայն տնտեսության մի շարք ոլորտներում իր գերակա դիրքով, այլև ճանաչված օղիների ապրանքանշանների նմանակմամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեռ 2009 և 2010 թթ. մի շարք որոշումներ էր կայացրել՝ արգելելով ռուսական և ուկրաինական ճանաչված օղիների՝ նրա ընկերության կողմից նմանակված տարբերակների վաճառքը: Սակայն օղիները շարունակում են հասնել սպառողին, հատկապես Ալեքսանյանի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ Գործարարը ՏՄՊՊՀ-ին շրջանցելու յուրահատուկ ձև է գտել՝ կեղծ օղիների արտադրությունը գրանցելով այլ ընկերության անունով:

Դեռ 2010թ. Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ ՏՄՊՊՀ-ն հարուցել էր յոթ վարչական վարույթ և կիրառել ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամի տուգանք (մեկ ապրանքանշանի գծով՝ 500 հազ. դրամ): ՏՄՊՊՀ-ի որոշումը հիմնված էր այն փաստի վրա, որ «Ալեքս Գրիգի» արտադրած օղիները շփոթության աստիճան նման էին այլ արտադրողների օղիներին, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է։

Հանձնաժողովը ընկերությանը բացի տուգանելուց՝ հանձնարարել էր դադարեցնել և հետագայում բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և դրանք հանել շրջանառությունից: Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր հանձնաժողովի բոլոր յոթ որոշումները, ընդ որում՝ դատական բոլոր ատյաններում: Օրենսդրության համաձայն՝ ՏՄՊՊՀ-ի որոշումն ուժի մեջ մտած չի համարվում, եթե այն բողոքարկման գործընթացում է դատարանում։ 2011թ. դատական ատյաններում վերջնականապես մերժվեց «Ալեքս Գրիգի»՝ ՏՄՊՊՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը, և դատարանն ըստ էության ուժի մեջ թողեց հանձնաժողովի որոշումը։

Այժմ արդեն Սամվել Ալեքսանյանը նմանակած օղիների վաճառքը շարունակելու նոր հնարք է գտել։ Ներկայում վաճառվող կեղծ օղիները «Ալեքս Գրիգի» հետ կապ չունեն. դրանք արտադրվում են Ալեքսանյանի այլ՝ «Ա և Գ» ընկերության կողմից։

Անցած տարեվերջին ՍիվիլՆեթը հարց էր ուղղել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե արդյոք հանձնաժողովը կեղծ օղիներ հայտնաբերե՞լ է սուպերմարկետներում մոնտիտորինգի արդյունքում: Շաբոյանն ասել էր, որ նախորդ տարիներին ՏՄՊՊՀ-ն «Ալեքս Գրիգին» օղիների մասով պատասխանատվության ենթարկելու որոշում էր կայացրել։ Ընկերությունը որոշումները բողոքարկել էր դատարանում, սակայն դատարանը որոշումներ էր կայացրել հօգուտ ՏՄՊՊՀ-ի։ «Դատարանի որոշումները սահմանված կարգով ուղարկվել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի արգելվի դրանց շրջանառությունը, և ներկայում չեմ կարող նշել, թե որ փուլում է որոշումների կատարումը»,- ասել էր Շաբոյանը։

Այժմ ստեղծվել է ուշագրավ մի իրավիճակ. ՏՄՊՊՀ-ն կարծում է, որ կեղծ օղիների առկայությունը շուկայում ԴԱՀԿ-ի աշխատանքների թերացման արդյունքն է, իսկ վերջինս առկա օղիների վաճառքը չի կարող արգելել, քանի որ այն արտադրվում է այլ տնտեսվարող սուբյեկտի կողմից, և «Ա և Գ» ընկերության օղիների վաճառքն արգելելու ՏՄՊՊՀ-ի և դատարանի որոշում չկա։