Ռադան հաստատեց կառավարության կազմը․ Ավակովը՝ ներքին գործերի նախարար

Գերագույն ռադան փետրվարի 27-ին հաստատել է Ուկրաինայի նախարարների կաբինետի կազմը։

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, «կողմ» է քվեարկել դահլիճում գրանցված 410 պատգամավորներից 331-ը։

Մասնավորապես՝ ներքին գործերի նախարար է դարձել հայազգի Արսեն Ավակովը, որը փետրվարի 22-ից ներքին գործերի նախարարի պաշտոնակատար էր, ֆինանսների նախարար է դարձել Ալեքսանդր Շլապակը, տնտեսական զարգացման և առևտրի նախարար՝ Պավել Շերեմետը, վառելիքի և էներգետիկայի նախարար՝ Յուրի Պրոդանը։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ է դարձել ժողովրդական պատգամավոր Վիտալի Յարեման։ Նախարարների կաբինետի ամբողջական կազմը՝ այստեղ։

Բացի այդ՝ Գերագույն ռադան առանձին քվեարկությամբ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է ընտրել Անդրեյ Դեշչիցային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար է ընտրել ծովակալ Իգոր Տենյուխին։ Վերջիններիս թեկնածությունները, ինչպես պահանջվում է օրենքով, առաջարկել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, որը նաև Ռադայի խոսնակն է։

Փետրվարի 27-ին՝ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ էր ընտրվել «Բատկիվշչինա» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը։

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Եվրոպական ընտրություն» կոալիցիան, որը նույնպես փետրվարի 27-ին է ձևավորվել։