«Էլեկտրական ցանցերը» չի մեկնաբանում սնանկության լուրը

Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխում և իրացում իրականացնող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում: Պատճառներից մեկը արտադրող կայանների «թանկ» էլեկտրաէներգիան է։

ՀԷՑ-ը չի մեկնաբանում սնանկ հայտարարվելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Այս մասին ՍիվիլՆեթին ասացին ընկերության մամուլի ծառայությունում։

Yerkir.am կայքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ մոտ մեկ ամսից ՀԷՑ-ը պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին: «Այս ընկերությունը, որը սպասարկում է մոտ 935 հազ. սպառողի, կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը կապված է ընկերությունում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ»,- գրել էր կայքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» խոշոր էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկություն է (ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ը), և դժվար թե ռուսական ընկերությունը թույլ տա իր հայկական ձեռնարկության սնանկացումը։ Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի սնանկացումը մի կողմից ուղղակի ֆինանսական վնասներ կհասցնի «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին, մյուս կողմից կվնասի ընկերության հեղինակությունը. ռուսական ընկերությունը ցուցակված է ռուսական «ՄՄՎԲ-ՌՏՍ» բորսայում, և սնանկացումը անմիջապես կազդի բաժնետոմսերի գների վրա։

Պետք է հաշվի առնել, որ մասնավորապես «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի բաժնետոմսերի 27,63%-ը պատկանում է պետական «Ռոսնեֆտեգազ» ընկերությանը, 18,57%-ը «Դաշնային բաշխիչ ցանցեր» ընկերությանը, 13,21%-ը «Նորիլսկի նիկել»-ին: Հասկանալի է, որ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի ֆինանսական կորուստները կանդրադառնան բաժնետերերի վրա։

Այն, որ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի հայկական դուստրը՝ «ՀԷՑ»-ը, ֆինանսական խնդիրներ ունի, երևում է ընկերության 2012թ. ֆինանսական հաշվետվությունից։ Հաշվետվության եզրակացությունում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը հատուկ ուշադրություն պահանջող հարցերի թվում նշել է. «Ընկերության ընթացիկ պարտավորությունները գերազանցել են ընթացիկ ակտիվները 17,67 մլրդ դրամով, ինչպես նաև խախտվել են վարկային պայմանագրերի վարկային կովենանտները։ Այլ հանգամանքների հետ միասին դրանք վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»:

ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրների հիմնական պատճառն այն է, որ 2009-ից մինչև 2013թ. հուլիսի 7-ը վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվել, մինդեռ յուրաքանչյուր տարի բարձրացվել է արտադրող կայանների սակագները։ Բացի այն, որ ՀԷՑ-ի համար թանկանում էր էլեկտրաէներգիան, էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է թանկ էլէկտրաէներգիայի մասնաբաժինը՝ ֆինանսական խնդիրներ ստեղծելով նաև ընկերության համար։

Իհարկե, 2013թ. հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 27%-ով՝ բնակչության համար սահմանելով 38 դրամ/1կվտ-ի համար, սակայն դա կարծես չի նպաստել ընկերության ֆինանսական վիճակի բարելավման վրա։

Խնդիրն այն է, որ եթե, օրինակ, ՀԷՑ-ի կողմից արտադրական կայաններից ձեռքբերված էլեկտրաէներգիայի կառուցվածքում 2012թ. հէկերի էժան էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմում էր 29%, ապա 2013թ. այն կազմել է 23,3%, 2013թ.՝ ջէկերից ձեռքբերված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ավելացել է 2 տոկոսային կետով և կազմել է 18% ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ էլեկտրաէներգիայի կառուցվածքի փոփոխությանը զուգահեռ հուլիսի 8-ից տեղի է ունեցել նաև արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։

Ֆինանսական խնդիրները լուծելու համար ՀԷՑ-ը կա՛մ պետք է վերջնական սպառողների համար սակագինը բարձրացնի, կա՛մ ընկերության ծախսերը կրճատի: