Ղրիմում ինքնավարության կարգավիճակի հարցով հանրաքվե կանցկացվի

Ղրիմի խորհրդարանի նախագահությունն առաջարկել է ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ղրիմի տեղեկատվական գործակալությանը:

«Միայն ինքնավարության կարգավիճակի կատարելագործման և դրա լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվեի անցկացումը թույլ կտա ղրիմցիներին ինքնուրույն, առանց արտաքին ճնշման և թելադրանքի որոշել ինքնավարության ապագան»,- ասված է պատգամավորների ուղերձում:

Նախագահությունը նաև գնահատական է տվել Ուկրաինայում վերջին իրադարձություններին՝ նշելով, որ երկրում տեղի է ունեցել «իշխանության ոչ սահմանադրական գրավում՝ ծայրահեղ ազգայնականների կողմից՝ զինված ավազակախմբերի աջակցությամբ»:

«Ուկրաինան գլորվում է ամբողջական քաոսի, անարխիայի և տնտեսական աղետի գիրկը։ Այս պայմաններում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան ստանձնում է Ղրիմի ճակատագրի ողջ պատասխանատվությունը»,- հայտարարել են պատգամավորները:

Ինչպես փոխանցում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը տեսաուղերձում հայտնել է, որ Ղրիմի խորհրդարանը մտադիր է հանրաքվե անցկացնել մայիսի 25-ին՝ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը։

Նա նշել է, որ Ղրիմի խորհրդարանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին։

Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։