Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս կտա

Ուկրաինայի՝ պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված ուկրաինացի քաղաքացիների զանգվածային սպանությունների կասկածանքով, մամուլի ասուլիս կտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Յանուկովիչի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 17.00-ին [Երևանի ժամանակով]:Ըստ գործակալության աղբյուրի՝ անցկացման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ:

Յանուկովիչի գտնվելու վայրն առայժմ անհայտ է մնում։ Փետրվարի 27-ին՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին Ռուսաստանի իշխանություններին ուղղված նրա խնդրանքը՝ ապահովել իր անձնական անվտանգությունը։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Ռուսաստանի իշխանական կառույցներում ունեցած աղբյուրի տեղեկություններով՝ Յանուկովիչի խնդրանքը բավարարվել էր։ Բացի այդ՝ ռուսական լրատվամիջոցները նաև հաղորդել էին, որ նա հնարավոր է՝ Մոսկվայում է։ Մասնավորապես՝ RBK գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, թե Յանուկովիչին տեսել են Մոսկվայի Radisson Royal հյուրանոցում (նախկին «Ուկրաինա»), ապա Բարվիխայում, որտեղ գտնվում է Ռուսաստանի նախագահի գործերի վարչության առողջարանը։

Հյուրանոցի ղեկավարությունը հերքել էր RBK-ի տարածած տեղեկատվությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ տեղեկություն չունի, թե Յանուկովիչը որտեղ է գտնվում։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել