Ղրիմի նոր վարչապետը Ուկրաինայի նախագահ է համարում Յանուկովիչին

Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսական միասնություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Աքսենովը:

Վերջինս, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, նշանակումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը շարունակում է մնալ Ուկրաինայի իրավաբանորեն ընտրված նախագահը, ինչպես նաև ակնկալում է Ռուսաստանի ֆինանսական օգնությունը:

«Վստահ եմ, որ Ռուսաստանը մեզ համար այս բարդ ժամանակներում օգնության ձեռք կմեկնի և աջակցություն ցույց կտա, այդ թվում՝ ֆինանսական, որպեսզի Ղրիմն այսօր կարողանա իր քաղաքականությունը կառուցել: Մենք վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել մեր ժողովրդական տնտեսությունը: Ռուսաստանը մեզ ֆինանսական օգնություն է խոստացել: Իրավաբանորեն դեռ ընտրված նախագահ է համարվում Յանուկովիչը, և տվյալ դեպքում այդ համաձայնությունները նրա միջոցով են ձեռք բերվել»,- ասել է Ակսենովը:

Ավելի վաղ Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը տեսաուղերձում հայտնել էր, որ Ղրիմի խորհրդարանը մտադիր է հանրաքվե անցկացնել մայիսի 25-ին՝ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը։

Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել: