Ֆրանսիական Total-ը հեռանում է ադրբեջանական «Շահ Դենիզից»

Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը որոշել է լքել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային նախագիծը և Հարավկովկասյան գազամուղը, հաղորդում է Energy Intelligence ամերիկյան հանդեսը: Պարբերականը ֆրանսիական ընկերության որոշաման պատճառները չի նշում: Նախագծում Total-ի մասնաբաժինը կազմում է 10%: Ներկայում ընկերությունը իր 40% մասնաբաժնով նաև «Աբշերոն» հանքավայրի օպերատորն է, որը բացվել է 2011թ., սակայն շահագործման կհանձնվի միայն 2020թ. հետո: 2013թ. դեկտեմեբրին Total-ը հրաժարվեց նաև TANAP նախագծին մասնակցությունից:

«Շահ Դենիզ» գազի հանքավայրի նախագծի երկրորդ փուլի ֆինանսավորման համաձայնագրի՝ «Շահ Դենիզ-2»-ի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել http://civilnet.am/17/12/2013/Shah-Deniz-2-signed 2013թ. դեկտեմբերի 17-ին Բաքվում: Գազի «Շահ Դենիզ» ծովային հանքավայրի շահագործման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996թ. հունիսի 4-ին, որի մասնակիցներն են բրիտանական British petroleum-ը՝ 25% մասնաբաժնով(նաև նախագծի օպերատոր), նորվեգական Statoil-ը՝ 25,5%, իրանական NICO-ն՝ 10%, ֆրանսիական Total-ը՝ 10%, ռուսական LUKoil-ը՝ 10%, թուրքական TPAO-ն՝ 9% և ադրբեջանական SOCAR-ը՝ 10%:

Արդյունահանվող գազը արտահանվելու է Թուրքիա՝ 6 մլրդ խմ և Եվրոպա 10 մլրդ խմ:

Հանքավայրը շահագործման է հանձնվել 1999թ., և Ադրբեջանը սկսած 2006թ. գազ է արտահանել Վրաստան և Թուրքիա:

Դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ հանքավայրի շահագործումը երկարացվում է մինչև 2048թ.: Բացի այդ՝ SOCAR-ի և BP-ի մասնաբաժինը մեծանում է համապատասխանաբար 16,7% և 28,8%:

BP-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ SOCAR-ը գնել է Statoil-ի 6,7% մասնաբաժինը, մնացած 3,3%-ը BP-ն:

Մեկնաբանել