Ավակովը Ղրիմի դեպքերը որակում է «ռուսական օկուպացիա»

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում կատարվողը գնահատում է՝ որպես զինված ներխուժում և օկուպացիա Ռուսաստանի կողմից։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Ավակովը հայտնել է, որ «Բիլբեկի օդանավակայանը արգելափակված է ՌԴ նավատորմի զինվորական ստորաբաժանումներով։ Օդանավակայանի ներսում Ուկրաինայի զինվորականներն ու սահմանապահներն են։ Դրսում կամուֆլյաժով և զենքով զինվորականներ են, որոնք տարբերակիչ նշաններ չունեն, սակայն չեն թաքցնում իրենց պատկանելությունը։ Օդանավակայանը չի աշխատում։ Արտաքին պարագծում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության դիրքերն են։ Զինված բախում առայժմ չկա»։

Սիմֆերոպոլի օդանավակայանի վերաբերյալ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ «գիշերվա ժամը մոտ 12-ին քաղաքացիական հագուստով անձանց մի խումբ՝ մոտ 100 մարդ, որը ներկայացել է որպես կազակների հարյուրյակ, հաղթահարելով օդանավակայանի տարածքի արգելապատնեշը, օդակայանի թռիչքուղի է մտել։ Ներքին զորքրեի և միլիցիայի ուժերով այդ մարդիկ հետ են մղվել՝ նախ օդանավակայանի շենք, ապա դուրս են բերվել օդանավակայանի տարածքից։ Զենք չի կիրառվել։ «Կազակները» օդանավակայանի շրջանից հեռացել են գիշերվա ժամը մոտ մեկին»։

Սակայն, շարունակել է նախարարը, «գիշերվա ժամը մոտ 1․30-ին մի քանի բեռնատարով օդանավակայանի շենք են ժամանել 119 զինվորականներ՝ ավտոմատ զենքով և կամուֆլյաժով՝ առանց տարբերակիչ նշանների։ Մտել են օդանավակայանի շենք, տեղավորվել են ռեստորանում։ Չեն թաքցնում իրենց պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին։ Ներքին գործերի նախարարության ուկրաինացի աշխատակիցների հարցերին՝ «դուք զինվորականներ եք և այստեղ գտնվելու իրավունք չունեք», պատասխանում են կարճ՝ ձեզ հետ բանակցություններ վարելու հրահանգ չունենք։ Իրադրությունը անփոփոխ է, երկու կողմից էլ զենք չի կիրառվել։ Ռուս զինվորականները ստատիկ հետևում են օդանավակայանի աշխատանքին՝ ուղղակիորեն չմիջամտելով»։

Ավակովը գրում է, որ «Ուկրաինայի ներքին զորքերն ու ներքին գործերի նախարարությունը ուժեղացրել են անվտանգությունը օդանավակայանի շրջանում։ Լարվածությունը մեծանում է»։

«Կատարվողը գնահատում եմ՝ որպես զինված ներխուժում և օկուպացիա՝ միջազգային բոլոր պայմանագրերի և նորմերի խախտմամբ։ Սա սուվերեն պետության տարածքում զինված արյունահեղության ուղղակի սադրում է»,- հայտարարել է նախարարը։

Նա կարծում է, որ սա արդեն ներքին գործերի նախարարության իրավասությունը չէ։ Սա Ուկրաիանյի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի իրավասությունն է։ «Առայժմ զինված բախում դեռևս չկա, պետք է դիվանագետները խոսեն»,- հավելել է Ավակովը։

Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Ղրիմի խորհրդարանի նախագահությունն առաջարկել է ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնել։ Փետրվարի 27-ին նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսական միասնություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Աքսենովը, որը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը «շարունակում է մնալ Ուկրաինայի իրավաբանորեն ընտրված նախագահը»:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։