Ադրբեջանը և ԵՄ-ն ռեադիմիսիայի համաձայնագիր ստորագրեցին

Փետրվարի 28-ին Բրյուսելում Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է ռեադմիսիայի՝ հետընդունման մասին համաձայնագիրը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է ԵՄ-ում Ադրբեջանի դեպսան Ֆուադ Իսքենդերովը: ԵՄ ներքին հարցերով խորհուրդը Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշումն ընդունել էր փետրվարի 11-ին:

Ադրբեջանը և ԵՄ-ն այցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում: Այն արդեն վավերացվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի կողմից, սակայն ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ին անդամակցության նպատակ չունի:
«Ի տարբերություոն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մենք մեր առջև ԵՄ անդամ դառնալու նպատակ չենք դնում: Մեր խնդիրը հարաբերությունների ամրապնդումն է, և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ընթանում են հենց այդ ուղղությամբ», -ասել է Մամեդգուլիևը:

Նրա խոսքով՝ պաշտոնական ռեադիմիսիայի մասին համաձայնագիրը կվավերացվի մինչև ամառ և կսկսի գործել տարվա երկրոդ կեսից:

Մեկնաբանել