Թուրքական լրատվական հաղորդումը «կողմնակալության» համար պատժամիջոցի է ենթարկվել

Թուրքիայի Ընտրական գերագույն խորհուրդը մեկ շաբաթով դադարեցրել է «Բացառիկ օրակարգ» (Gündem Özel) լրատվական հաղորդման թողարկումը, որն ամեն հինգշաբթի եթեր է հեռարձակվում թուրքական Bugün TV հեռուստաալիքով՝ հիմնավորելով, որ հաղորդումը «կողմնակալ է»: Դրա փոխարեն, խորհրդի որոշմամբ, փետրվարի 27-ին հեռարձակվել է մեկուկեսժամյա վավերագրական ֆիլմ թռչունների մասին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Թուրքիայի կառավարությունը ցնցած հակակոռուպցիոն հետաքննության մեկնարկից ի վեր լրատվամիջոցները, որոնք հրապարակում են կամ լուսաբանում կառավարության շարքերում կոռուպցիայի դեպքերը, տարբեր հիմքերով պատժի են ենթարկվում իշխանությունների կողմից: Հենց այդպես էլ եղել է «Բացառիկ օրակարգ» ծրագրի դեպքում. թողարկման մեկշաբաթյա դադարեցումը հետևել է ավելի վաղ հեռուստաալիքի հասցեին հնչած նախազգուշացմանը:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, ծրագրի հաղորդավար Թարիք Թորոսն ասել է, որ Թուրքիայի Ռադիո և հեռուստատեսային գերագույն խորհրդի առաջարկությամբ սահմանված պատժամիջոցը «ճնշում է լրատվամիջոցների նկատմամբ, որոնք լուսաբանում են կոռուպցիայի հարցը»:

Bugün-ի գլխավոր խմբագիր Էրհան Բաշյուրթը, քննադատելով Ընտրական գերագույն խորհրդի որոշումը, ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ կառավարամետ հեռուստաալիքները, որոնք կողմնակալ կերպով են լուսաբանում հակակոռուպցիոն հետաքննության հետ կապված զարգացումները, որևէ պատժի չեն ենթարկվում:

Մեկնաբանել