2014-ի փետրվարի 25-ից 2015-ի փետրվարի 25-ը` Զորավար Անդրանիկի տարի

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) 2014թ. փետրվարի 25-ից մինչև 2015թ. փետրվարի 25-ը հայտարարել են Զորավար Անդրանիկի տարի:

Արևմտյան Հայաստանի խորհրդարանի հրապարակած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը, մեծապես գնահատելով հայ ժողովրդի մեծ զավակ գեներալ Անդրանիկ Օզանյանի դերը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարում և Հայաստանի ազատագրության գործում, որպես Բուլղարիայի ազգային հերոս, որպես Բալկանների ազատագրության մասնակից, ծննդյան 150-ամյակին ընդառաջ, հաշվի առնելով հայության և միջազգային ընկերակցության գործունեությունը բարձրաձայնելու Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի դատապարտման խնդիրը, որն իրականացվեց 1894-1923 թթ.՝ թուրքական երեք իրարհաջորդ կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, որոշում ենք՝ 2014թ. փետրվարից 25-ից մինչև 2015թ. փետրվարի 25-ը հայտարարել Զորավար Անդրանիկի տարի և կոչ ենք անում հայկական հասարակական-քաղաքական ուժերին կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին, և պայքարի խորհրդանշական այդ դրոշի ներքո համախմբել համայն հայությանը՝ Հայկական հարցի արդարացի հանգուցալուծում պահանջելու համար»:

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը նախագահում է Արմենակ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետն է Տիգրան Փաշաբեզյանը. իսկ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է Արմեն Տեր-Սարգսյանը: