Հալեպում փետրվարի 26-ին և 27-ին երկու հայ է վիրավորվել

Հալեպում փետրվարի 26-ին և 27-ին երկու հայ է վիրավորվել, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։

Նրանցից մեկը՝ կառավարամետ կամավոր ջոկատային Սարո Մատարյանը, Հալեպի շրջակայքում տեղի ունեցող բախումների հետևանքով վիրավորվել է ոտքին ստացած փամփուշտից, իսկ Ժաքո Պաղջեճյանը վիրավորվել է քաղաքապետարանում՝ դիպուկահարի արձակած փամփուշտից։ «Բերիո լուրերը» հաղորդում է, որ վերջինս անմիջապես համապատասխան բուժում է ստացել և ներկայում վիճակը լավ է։

Ֆեյսբուքյան էջը հիշեցնում է, որ հունվարի 30-ին Ներաբ օդակայանի շրջանում գտնվող Թիյարա գյուղում զինվորական գործողության ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր սիրիական բանակի հայազգի զինվոր՝ 20 տարեկան Կարեն Պարսումյանը։ Ներկայում նրա վիճակն ավելի լավ է։

Փետրվարի 14-ին էլ տասը ամսվա բանակային զինվոր՝ 1994թ․ ծնված Սաքո Սեֆերյանը, Սեյֆ ալ Դաուլե շրջանում վիրավորվել էր ուսին ստացած փամփուշտից։ Նա անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց և համապատասխան բուժում էր ստացել։ Սաքոն նախկինում արդեն երեք անգամ վիրավորվել էր։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել