Ուկրաինան Ռուսաստանին կխնդրի արտահանձնել Յանուկովիչին

Ուկրաինայի գերագույն դատախազությունը միջնորդություն է պատրաստում պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման մասին, եթե պաշտոնապես հաստատվի վերջինիս՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչությունը Յանուկովիչին կասկածում է կանխամտածված զանգվածային սպանությունների, ինչպես նաև իշխանության և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ։

Գլխավոր դատախազությունը նաև հաղորդում է, որ դատարանն արդեն թույլատրել է Յանուկովիչի ձերբակալումն ու կալանավորումը։

Փետրվարի 26-ին հայտարարվել էր, որ Ուկրաինայի նոր իշխանությունները Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։

Հաջորդ օրը մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Յանուկովիչը Ռուսաստանի իշխանություններին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը, և որ նրա խնդրանքը բավարարվել է։

Ռուսական լրատվամիջոցները փետրվարի 27-ին, վկայակոչելով իրենց աղբյուրները, հաղորդել էին, որ փետրվարի 28-ին՝ ժամը 17.00-ին [Երևանի ժամանակով], Դոնի Ռոստովում տեղի է ունենալու Յանուկովիչի մամուլի ասուլիսը։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։