Բրյուսելում քննարկվել են ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, նիստերի ընթացքում քննարկվել են 2014-ին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015-ից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում 2014թ. փետրվարի 26-ին պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև: