Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում․ Յանուկովիչ

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում, այս մասին նա հայտարարեց փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում ընթացող մամուլի ասուլիսին։

«Որպես Ուկրաինայի գործող նախագահ՝ կարծում եմ, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում»,- ասաց նա։

Ընդ որում՝ Յանուկովիչի կարծիքով՝ Ղրիմը պետք է պահպանի ընդարձակ ինքնավարությունը։

Պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք դիմել Ռուսաստանի ռազմական աջակցությանը և երբ է պատրաստվում վերադառնալ Ուկրաինա, նա ասաց, որ «այսպիսի իրադրությունում ցանկացած ռազմական գործողություն անթույլատրելի է համարում»․ «Ես չեմ պատրաստվում ռազմական աջակցություն խնդրել։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և անքակտելի։ Ինչ վերաբերում է՝ Ուկրաինա վերադառնալուն, ապա կվերադառնամ անմիջապես այն բանից հետո, երբ պայմաններ ստեղծվեն իմ և իմ ընտանիքի անվտանգության համար»։

Նա նաև հայտարարեց, որ տեղի ունեցած ցնցումներն ու զոհերը քաղաքական ճգնաժամի հետևանք և Մայդանին խրախուսած Արևմուտքի անպատասխանատու քաղաքականության արդյունք են։

«Սակայն Ուկրաինան ուժեղ երկիր է, և մենք անպայման կհաղթահարենք»,- հայտարարեց Յանուկովիչը։

Նա նաև համարում է, որ հարկ է իրականացնել հանցագործությունների անկողմնակալ հետաքննություն։

«Պետք է հաշվի առնվեն Ուկրաինայի բոլոր շրջանների շահերը։ Մեզ համար դժվար կլինի դուրս գալ այս ճգնաժամից, որում հայտնվել է երկիրը»,- նշեց Յանուկովիչը։

Նա նաև առաջարկում է իրականացնել համազգային հանրաքվե․ «հարցերը, որոնք դրանում պետք է բարձրացվեն, հարկ է ձևակերպել առաջիկայում՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանք պետք է վերաբերեն երկրի զարգացման ակտուալ խնդիրներին, Սահմանադրությանն ու պետական կարգին»։

Նույն ասուլիսին՝ ավելի վաղ, Յանուկովիչը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել Ուկրաինայի ապագայի համար։ «Ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել, ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող անմիջական վտանգի ներքո»,- ասել էր նա։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել