ԲՀԿ խոսնակը կմասնակցի Մարտի 1-ի հանրահավաքին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ներկա կլինի Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` մարտի 1-ին նախաձեռնած հանրահավաքին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ուրիխանյանը` նշելով, որ հանրահավաքին կմասնակցի որպես անհատ:

«ԲՀԿ-ն բաղկացած է հարյուր հազարավոր անդամներից, մյուսների անունից չեմ կարող խոսել»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ այլ ներկայացուցիչներ ներկա կլինեն հանրահավաքին:

Ուրիխանյանը նշեց, որ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ-ը իրենց գործընկերն է, և երկու կուսակցություններն էլ զուգահեռ աշխատում են նույն խնդիրների ուղղությաբ:

«Մեր հարաբերությունները այնպիսին չեն, որ նրանք մեզ հատուկ հրավիրեին հանրահավաքին, մենք էլ քննարկեինք և հետևաբար որոշում կայացնեինք չմասնակցելու կամ մասնակցելու վերաբերյալ»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում: Հանրահավաքին կմասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: