Ռուսաստանը պետք է կանխի քաոսն ու ահաբեկչությունը Ուկրաինայում․ Յանուկովիչ

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի ունեցած բոլոր հնարավորությունները՝ կանխելու քաոսն ու ահաբեկչությունը, որոնք նրա կարծիքով՝ կարելի է տեսնել Ուկրաինայում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, նա հայտարարել է փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում տված մամուլի ասուլիսին։ Յանուկովիչը նաև նշել է, որ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«․․․ Հենց որ կայանա այդ հանդիպումը, ես կհասկանամ նրա վերաբերմունքը և, հավանաբար, կունենանք քննարկում ստեղծված իրադրության շուրջ․․․ և այդ ժամանակ կլինեն պատասխանները։ Իմ կողմից կոռեկտ չի լինի այժմ ասել, թե Ռուսաստանն ինչ պետք է անի, սակայն Ռուսաստանը չի կարող առանց մասնակցության մի կողմ քաշվել այնպիսի խոշոր գործընկերոջ նկատմամբ, ինչպիսին Ուկրաինան է։ Ռուսաստանը պետք է օգտագործի ունեցած բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխի քաոսն ու ահաբեկչությունը, որն այժմ տիրում է Ուկրաինայում»,- նշել է նա։

Յանուկովիչը նաև ասել է, որ զարմացած է Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ Պուտինի լռությամբ։

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան [նկատի է առնվում Ռուսաստանը – խմբ․] մեր ռազմավարական գործընկերն է»,- նշել է նա։ Այդ իսկ պատճառով Յանուկոցիչը կարծում է, որ Ռուսաստանը պետք է և պարտավոր է գործել։

«Իմանալով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բնավորությունը՝ ես զարմանում եմ, թե նա ինչու է մինչ այժմ այսպես զսպված լռում։ Սա հարց է»,- նշել է Յանուկովիչը։

Նա ասել է, թե ցավում է, որ իր ուժերը չբավարարեցրին՝ պահելու երկրում կայունությունը։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել նախևառաջ վետերաններից, ուկրաինացի ժողովրդից։ Ուկրաինայում կատարվածի համար։ Այն բանի համար, որ իմ ուժերը չներեցին՝ պահելու կայունությունը և թույլ չտալու ամենաթողությունը, որն այժմ տիրում է երկրում»,- նշել է Յանուոկվիչը։

Նա նաև նշել է, որ հանդիպել է բերկուտցիներին և ներողություն է խնդրել նրանցից։

Նույն ասուլիսին՝ ավելի վաղ, Յանուկովիչը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել Ուկրաինայի ապագայի համար։ «Ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել, ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող անմիջական վտանգի ներքո»,- ասել էր նա։ Նա նաև ասել էր, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և անքակտելի ու նշել էր, որ ցանկացած ռազմական գործողություն անթույլատրելի է համարում։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մեկնաբանել