ԵԱՀԿ-ն իր ներկայացուցչին է ուղարկում Ղրիմ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Շվեյցարիայի արգործնախարար Դիդյե Բուրկհալթերը իր անհանգստությունն է հայտնել Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ստեղծված իրավիճակի առնչությամբ, հաղորդում է BBC-ն:

ԵԱՀԿ նախագահը նաև հայտնել է, որ առաջիկայում Ղրիմ կժամանեն Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Թիմ Գուլդիմանը և ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր հանձնակատար Աստրիդ Տորսը:

«Կոչ եմ անում հակամարտող կողմերին պատասխանատվություն և զգուշություն ցուցաբերել այս վտանգավոր իրավիճակում և խնդրում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հետագա սրացումը կանխելու նպատակով»- ասել է Բուրկհալթերը:

Նա նաև հավելել է, որ Ղրիմ ժամանող պատվիրակության անդամները պետք է փորձագիտական օգնություն ցուցաբերեն ինքնավարությունում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում:

Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Ղրիմի խորհրդարանի նախագահությունն առաջարկել է մայիսի 25-ին ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնել։ Փետրվարի 27-ին նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսական միասնություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Աքսենովը, որը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը «շարունակում է մնալ Ուկրաինայի իրավաբանորեն ընտրված նախագահը»: