Ուկրաինայի իշխանությունները սկսել են պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման պաշտոնական գործընթացը, ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
«Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի կողմից Դոնի Ռոստովում մամուլի ասուլիսի անցկացումը պաշտոնապես հաստատել է ՌԴ-ում նրա գտնվելու մասին փաստը: Ուստի գլխավոր դատախազությունը Մոսկվային դիմելուց հետո ակնկալում է մոտ ժամանակներս դրական պատասխան ստանալ ՌԴ գլխավոր դատախազությունից»,- նշվում է դատախազության հաղորդագրությունում:
Փետրվարի 26-ին հայտարարվել էր, որ Ուկրաինայի նոր իշխանությունները Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։
Հաջորդ օրը մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Յանուկովիչը Ռուսաստանի իշխանություններին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը, և որ նրա խնդրանքը բավարարվել է։
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կայացել էր Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ մտադիր է պայքարել Ուկրաինայի ապագայի համար։ «Ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել, ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող անմիջական վտանգի ներքո»,- ասել էր նա։ Նա նաև ասել էր, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և անքակտելի ու նշել էր, որ ցանկացած ռազմական գործողություն անթույլատրելի է համարում։
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։