«Ազատությունը» կանխել է «Մայդանը» 26 տարով. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ««Ազատությունը» կանխել է «Մայդանը» 26 տարով» վերնագրով հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Ուկրաինայի քաղաքական դաշտում արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ և արևմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բևեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է և տարանջատումը հետզհետե խորանում է:

Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ և հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռևս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչև իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:

Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:

Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետևեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիևի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը և ճնշումը: Զուգահեռը այստեղ Երևանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երևանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:

Ուկրաինական և հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը և մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու և հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: և ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը Երևանում: «Ազատության» հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։

Բայց, պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արևմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարևմտյան այս համազարկը ճշտում է նաև քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման և տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:

Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության և ժողովրդի միջև խորացած վիհ, ուր կա նաև ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:

Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական և անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` «Ազատության» հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռեվս հյուսիսի բևեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես և թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաև, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:

Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արևմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արևմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:

«Ազատությունը» կանխել է «Մայդանը» 26 տարով: Ռուսամետ-արևմտամետ բախումը պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:

Մեկնաբանել