Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը գտնում է, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցանկանում իրականացնել «աբխազական սցենարը»: Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցին:
«Մեր հետախուզության տվյալներով՝ նրանք մշակում են մի սցենար, որը բոլորովին նման է աբխազականին, երբ հրահրելով կոնֆլիկտ՝ նրանք սկսեցին տարածքի բռնազավթումը: …Ռուսաստանը անթաքույց ագրեսիա է սկսել մեր երկրի դեմ»,- ասել է Տուրչինովը՝ հավելելով, որ Ռուսաստանը զորավարժությունների քողի ներքո «զորքեր է մտցրել Ղրիմի Ինքնավար Հանրապետություն» և ոչ միայն գրավել է խորհրդարանի և կառավարության շենքերը, այլև փորձում է իր հսկողության տակ վերցնել քաղաքացիական օբյեկտներ, կապի միջոցներ, արգելափակել ուկրաիանացի զինվորականների տեղակայման վայրերը»:
Տուրչինովը գտնում է, որ Ռուսաստանը ռազմական հակամարտություն է հրահրում, սակայն ուկրաինացի զինծառայողները իրենց պարտքն են կատարում և «տեղի չեն տալիս սադրանքին»:
Ավելի վաղ Ղրիմում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը հայտարարել էր ռուսական դեսանտով 13 Իլ -76 օդանավի ժամանման մասին:
«Ունիան»-ի փոխանցմամբ՝ ղրիմաթաթարական ATR հեռուստաընկերության եթերում նա հայտարարել էր, որ յուրաքանչյուր օդանավում մոտ 150 դեսանտային է գտնվում: Նա կարծիք էր հայտնել, որ թերակղզում Ռուսաստանի ռազմական ներխուժում է տեղի ունենում: Ըստ նրա` «ներխուժման» մասնակիցները սպասում են, որ ուկրաինացի զինվորականները կրակեն:
Փետրվարի 27-ի առավոտյան անհայտ անձիք գրավել էին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ պատգամավորներին թույլատրվել էր մտնել խորհրդարան, որտեղ նրանք արտահերթ նիստ էին անցկացրել։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Ղրիմի խորհրդարանի նախագահությունն առաջարկել է մայիսի 25-ին ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնել։ Փետրվարի 27-ին նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի անդամ, «Ռուսական միասնություն» խմբակցության առաջնորդ Սերգեյ Աքսենովը, որը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը «շարունակում է մնալ Ուկրաինայի իրավաբանորեն ընտրված նախագահը»:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։