Հայաստանի համար իր անմիջական չորս հարևաններից ամենից կարևոր և կենսական նշանակություն ունի Վրաստանը: Այս երկիրը, որ Հայաստանի հետ ունի շուրջ 224 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման, իր կարևորությունը չի կորցնի, քանի դեռ Թուրքիան շրջափակման տակ է պահում թուրք-հայկական 328-կիլոմետրանոց սահմանը: Հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին մտածելն անգամ անիմաստ է, քանի որ դա ուղղակիորեն կապված է արցախյան հակամարտության կարգավորման հետ: Ակնհայտ է, որ արցախյան հակամարտության կարգավորումից է կախված ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման հեռանկարը:
Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև Իրանը: Այդ կարևորությունը Հայաստանը և նրա բնակչությունը զգացին արցախյան պատերազմի տարիներին, երբ, փաստորեն, Իրանը դարձավ «հույսի պատուհան» դեպի արտաքին աշխարհ: Հայաստան-Իրան սահմանը ընդամենը 40 կիլոմետր է: Արցախում հայկական զինուժի հաղթանակից հետո ստեղծվեց նոր ստատուս-քվո: Արաքս գետի երկայնքով` Միջնավանից մինչև Հորադիզ, մոտ 140 կիլոմետր, կանգնած են հայ սահմանապահները, և, փաստորեն, հայ-իրանական սահմանը հասնում է 180 կիլոմետրի:
Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին, Հայաստանի համար իր անմիջական հարևանների շարքում ամենից կարևոր և կենսական պետությունը հենց Վրաստանն է: Հայաստանը Ռուսաստանին, ինչպես նաև Հայաստանը Թուրքիային կապող ցամաքային ճանապարհները ևս անցնում են Վրաստանով:
2013-ին Վրաստանը ևս մեկ քայլ կատարեց եվրոպական ինտեգրման ուղղությամբ, մինչդեռ Հայաստանը նախապատվությունը տվեց Մաքսային միությանը: Այսպիսով, երկու քրիստոնյա հարևանները շարժվեցին տարբեր ուղղություններով, ինչը, անկասկած իր ազդեցությունն է թողնելու հայ-վրացական տնտեսական և քաղաքական հարաբերությունների վրա:
Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին տանելու է տնտեսական, քաղաքական ու տարածաշրջանային առավել մեկուսացման: Այդ անդամակցությունից տուժելու են ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ Հայաստան-Վրաստան տնտեսական և քաղաքական հարաբերությունները: Հենց այդ իրականությունը հաշվի առնելով` անհրաժեշտ է նոր շունչ տալ հայ-վրացական համագործակցությանը:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը և Եվրոպական Միության հետ Վրաստանի համագործակցության խորացումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծեն Հարավային Կովկասում: Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են Հայաստանին ծնկի բերել տնտեսական մեկուսացումով` փորձելով այդ գործում ներգրավել Վրաստանը: Հենց այս իրողությունը հաշվի առնելով` Հայաստանը պետք է ձգտի պահպանել հայ-վրացական տնտեսական և քաղաքական համագործակցության ներկա մակարդակը գոնե:
Հայ-վրացական հարաբերություններում կարևորագույն օղակ է հյուսիսարևելյան Տավուշի մարզը և հատկապես այդ մարզի Նոյեմբերյանի շրջանը, որն ընդհանուր սահման ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Վրաստանի հետ: Այստեղով է անցնում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին: Հայաստան-Ռուսաստան ցամքային ողջ ապրանքաշրջանառությունը ևս կատարվում է Նոյեմբերյանով: Այս շրջանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Ավելին, այս շրջանը Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի և շրջանների շարքում ամենից կարևորն է և անփոխարինելին երկու պատճառով:
Առաջին, գազատարը Հայաստան է մտնում Նոյեմբերյանով: Առանց ռուսական գազի, որքան էլ այսօր քննդատվում է հայ-ռուսական վերջին համաձայնագիրը, Հայաստանը կհայտնվի տնտեսական և էներգետիկ ճգնաժամի մեջ: Ճիշտ է, 2007-ին շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան նոր գազատարը, սակայն հանգամանքների բերումով այսօր Հայաստանում օգտագործվում է ռուսական գազը: Իրանից Հայաստան մտնող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի և բարձրավոլտ էլեկտրական լարերով հետ ուղարկվում Իրան:
Երկրորդ, երկաթուղին Հայաստան է մտնում Նոյեմբերյանի շրջանով: Հենց այս երկաթուղով է իրականացվում Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը: Սա, փաստորեն, Հայաստանի գործող միակ երկաթուղին է: Հայաստանից դուրս եկող մյուս երկաթուղիները շրջափակման տակ են, և քանի դեռ արցախյան հակամարտությունը չի կարգավորվել, գրեթե անհավանական է նրանց վերագործարկումը: Իջևան-Բաքու (Հայաստան-Ադրբեջան), Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու (Հայաստան-Ադրբեջան), Երևան-Նախիջևան-Թավրիզ (Հայաստան-Իրան) և Գյումրի-Կարս (Հայաստան-Թուրքիա) երկաթուղիները չեն գործում արդեն ավելի քան քսան տարի:
Արցախյան պատերազմի տարիներին Հայաստան մտնող գազատարը և երկաթուղին Վրաստանի Մառնեուլի շրջանում պայթեցվել կամ վնասարարության է ենթարկվել ավելի քան 50 անգամ: Այն տարիներին Երևանը պաշտոնապես հայտարարում էր, որ «միջազգային ահաբեկչական գործողությունների շղթան իրականացվում է ադրբեջանական կառավարության գործակալների կողմից»: Մառնեուլի շրջանում բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ են: 1994թ. դեկտեմբերին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք ոչ մի կասկած չունենք, որ պետական ահաբեկչության բացահայտ գործողություններն իրականցնում են Ադրբեջանի կառավարության առաջադրանքով գործող գործակալները: Արդեն չորս տարի ցամաքային շրջափակումից տառապող Հայաստանի համար Վրաստանը ելք է դեպի Սև ծով, նաև` արտաքին աշխարհ»:
Գազատարը և երկաթուղին Նոյեմբերյանի շրջանին տալիս են տնտեսական և ռազմավարական կարևորագույն, անփոխարինելի նշանակություն, հետևաբար` Հայաստանի ապագայով մտահոգ կազմակերպությունները և անհատները պետք է ուշադրության կենտրոնում պահեն առաջին հերթին այս շրջանը: