«Երևան ջուրը» ցանկանում է խմելու ջուրը թանկացնել մոտ 5%-ով

«Երևան ջուր» ընկերությունը փետրվարի 28-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2014-2015 թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները: Ըստ այդմ` ընկերությունն առաջարկում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը 1 խմ-ի հաշվով բարձրացնել 7,5 դրամով կամ 4,4%-ով` մինչև 177,75 դրամ/խմ: Խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը բարձրացնել 1,1 դրամով կամ 6,4%-ով` մինչև 18,1 դրամ/խմ։ Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների մատուցման սակագինը բարձրացնել 2,3 դրամով կամ 6,7%-ով մինչև 36,9 դրամ/խմ։

Որպես սակագնի բարձրացման հիմնական գործոններ ընկերությունը նշել է դոլար/եվրո փոխարժեքը, գնաճը, մանրածախ ջրամատակարարման ծավալները։

Խմելու ջրի սակագինը բարձրացնելու` ընկերության ցանկությունն այդքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ջրակորուստները կրճատելու ճանապարհով ընկերությունը 2009-ից պետք է աստիճանաբար իջեցներ խմելու ջրի սակագինը. 2005թ. ՀՀ կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝ վերջինս պարտավորվել էր 2009-ից սկսած ջրի գինն աստիճանաբար իջեցնել և 10-րդ տարում (2016-ին) հասցնել 93 դրամ /1խմ-ի։ Փաստացի, ընկերությունը ոչ միայն չի ապահովում համաձայնագրով ամրագրված պարտավորությունները և չի իջեցնում խմելու ջրի սակագինը, այլև ցանկանում է բարձրացնել։

Չի բացառվում, որ ՀԾԿՀ-ն ամբողջությամբ չբավարարի ընկերության պահանջը, օրինակ, 2013թ. հունիսին, հանձնաժողովը կայացրեց որոշում, ըստ որի` Երևանում խմելու ջրի սակագինն իջեցվեց 3,8 դրամով:

ՀԾԿՀ-ն, ըստ օրենսդրության, ընկերության դիմումը պետք է քննարկի 90 օրվա ընթացքում:

Մեկնաբանել