Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և ծանոթացել հաստատության գործունեությանը:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը նշել է, որ հիվանդանոցի աշխատանքը նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքում պետք է իր դրական ներդրումն ունենա բուժսպասարկման որակի բարձրացման վրա՝ հավելելով, որ առողջապահության ոլորտն ու այստեղ առկա խնդիրներն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Ստեփանակերտում Հանրապետական բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին: Նոր բժշկական կենտրոնը, որի շինարարությունը սկսվել էր 2008-ին, կառուցվել է Ստեփանակերտի հին քաղաքային հիվանդանոցի անմիջական հարևանությամբ: Նշվում է, որ կենտրոնը կարող է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ապահովել ԼՂՀ բնակչության համար աշխարհի առաջատար հիվանդանոցների մակարդակին համապատասխան: