Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իրադարձություններն անվանել է հակասահմանադրական հեղաշրջում և իշխանության զինված զավթում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, հայտարարել է նա մարտի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Կիևում և ընդհանուր առմամբ Ուկրաինայում կատարվածի գնահատականը կարող է լինել մեկը՝ դա հակասահմանադրական հեղաշրջում է և իշխանությունների զինված զավթում»,- ասել է նա՝ անելով հարցադրում․ «Ո՞վ է դա վիճարկում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությանը ուկրաինական դեպքերին՝ Պուտինն ասել է, որ առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա։
«Առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա, սակայն այդպիսի հնարավորություն կա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հավելել է, որ զորավարժությունները «որևէ կապ չունեն» Ուկրաինայի դեպքերի հետ։
Վլադիմիր Պուտինը առաջին անգամ է հրապարակավ մեկնաբանում իրադրությունը Ուկրաինայում և Ղրիմում։ Նա պատասխանում է լրագրողների հարցերին Նովո Օգարևոյի իր նստավայրում։
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։
Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Այսպիսի որոշման պատճառը Ռուսաստանը պայմանավորեց քաղաքական անկայունությամբ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում, որտեղ վարչապետը հայտարարել է Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին իր հավատարմության մասին։ Ուկրաինան այս որոշմանն արձագանքել է իր բոլոր զորքերն ամբողջական մարտական պատրաստության բերելով։
Մարտի 3-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մաշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտի 1-ին ուղարկել է գրավոր խնդրանք՝ օգտագործելու ՌԴ զինված ուժերը՝ Ուկրաինայի բնակչությանը պաշտպանելու համար։
Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։