Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին Նովո Օգարևոյի իր նստավայրում՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Ինձ համար դժվար է այս մասին ասել․․․ Ես կարծում եմ, որ քաղաքական ապագա նա [Յանուկովիչը] չունի»,- ասել է նա։
Անդրադառնալով Յանուկովիչի սխալների վերաբերյալ հարցին՝ Պուտինը նշել է, որ կոռեկտ չի համարում դա մեկնաբանելը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանը մասամբ օրինական է, իսկ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ոչ։
«Օրինակա՞ն են այսօրվա այդ իշխանությունները։ Խորհրդարանը՝ մասամբ այո, մնացած բոլորը՝ ոչ։ Եվ հաստատ չի կարելի խոսել նախագահի պաշտոնակատարի օրինականության մասին, այնտեղ որևէ օրինականություն պարզապես չկա։ Իրավաբանորեն կա միայն մեկ օրինական նախագահ։ Պարզ է, որ նա ոչ մի իշխանություն չունի, հասկանալի է։ Սակայն ես արդեն այդ մասին ասել եմ, ցանկանում եմ կրկնել՝ այդ օրինական նախագահը, զուտ իրավաբանորեն, անկասկած, միայն Յանուկովիչն է»,- ասել է նա։
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։