Թուրքիայում օրերս հրապարակվել են հեռախոսազրույցների նոր ձայնագրություններ, որոնցում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինին կարգադրում է միջամտել դատավարությանը, որում ներգրավված էր «Դողան» ընկերությունների խմբի և «Այդին Դողան հիմնադրամի» նախագահ Այդին Դողանը: Վերջինիս հետ հակասություններ ունեցող Էրդողանը նախարարին կարգադրում է այնպես անել, որ դատավճիռը կայացվի Դողանի դեմ, հաղորդում է Today’s Zaman-ը:
Ձայնագրությունում, որը Թվիթերի օգտատեր Բաշչալանը հրապարակել է մարտի 3-ին, Էրդողանը նախկին նախարարին ասում է, որ ուշադիր հետևի դատավարության ընթացքին և այնպես անի, որ Դողանը, որին 2009թ. հարկային տեսչությունը մեկ այլ գործով տուգանել էր 600 մլն դոլարով, «անպատիժ չմնա»:
Ըստ ձայնագրության՝ Էրգինն ի պատասխան հանգստացնում է վարչապետին և ասում, որ գործը դեռ գնալու է Վճռաբեկ դատարանի Քրեական պալատների ասամբլեա:
«Երկուշաբթի կամ կիրակի հանդիպելու եմ Քրեական պալատների ասամբլեայի ղեկավարի հետ: Այնպես կանենք, որ նա զգայուն կերպով գործի»,- ասել է Էրգինը:
Ինչպես գրել է Today’s Zaman-ը, ձայնագրությունը վկայում ՝ Էրդողանն ու Էրգինը ուշադիր հետևել են Դողանի գործին և ձգտում էին հասնել նրան, որ դատավճիռն ի վերջո նրա դեմ կայացվի: Էրդողանը նախկինում բազմիցս քննադատել է մեդիա մագնատ Դողանին, որին պատկանում է հակակառավարական դիրքորոշում ունեցող հեռուստաալիքներ ու թերթեր:
«Դողանի» հետ կապված սկանդալից հետո Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ Hurriyet Daily News-ի, հայտարարել է, որ «Էրդողանի կողմից վարչապետի պաշտոնում մնալը նշանակում է օրենքի և արդարադատության «ջարդ»»:
Ձայնագրության հրապարակման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Դողան» հոլդինգը:
«Պահանջում ենք անհապաղ ապացույցներ տրամարդել առ այն, որ այդ հեռախոսազրույցն իրականում տեղի չի ունեցել: Մեր բոլորիս բարոյական պարտավորությունն է պահպանել սահմանադրական համակարգն ու նպաստել փաստերի բացահայտմանը»,- ասված է «Դողանի» հայտարարության մեջ:
Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ հրապարակվել է մեկ այլ հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Էրդողանն իր որդուն կարգադրում է այնպես անել, որ «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ ընտրվի իր ֆավորիտը:
Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին մեկը մյուսի հետևից հրապարակվող սկանդալային այս ձայնագրությունները ցնցում են երկիրը. անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում սկսվեց «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն լայնամասշտաբ հետաքննությունը, որի արդյունքում աշխատանքից հեռացվեցին հարյուրավոր պաշտոնյաներ: Իսկ փետրվարի 24-ին Թուրքիան ցնցվեց հեռախոսազրույցների ձայնագրություններով, որոնք, ըստ պնդումների, տեղի են ունեցել վարչապետի և նրա որդու միջև հենց հակակոռուպցիոն օպերացիայի մեկնարկի օրը: Ձայնագրության մեջ, մասնավորապես, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր որդի Բիլալին կարգադրում է «զրոյացնել» հսկայական գումարները, որոնք գտնվում էին հինգ տարբեր տներում: